ՌԴ պետդումայի փոխխոսնակն առաջարկել է զուգարանակոնքեր ուղարկել Ուկրաինային՝ ի պատասխան կալանված ուկրաինական նավերի որոշ սարքավորումների ապամոնտաժման մեղադրանքի (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը պատասխանել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար Իգոր Վորոնչենկոյին, որը մեղադրել էր Ռուսաստանին կալանված ուկրաինական նավերում որոշ սարքավորումներ ապամոնտաժելու համար: Այս մասին տեղեկացնում է iz.ru կայքը:
«Անվտանգության դաշնային ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որում երևում է նավերի հանձնման պահը, և այդտեղ երևում է, որ նավերի բոլոր լամպերն ու զուգարանակոնքերն իրենց տեղում են: Նրանք այդ ամենը դո՞ւրս են նետել, ի՞նչ է»,- ասել է պատգամավորը:
Տոլստոյը նշել է, որ նավերից ոչ ոք ոչինչ չի վերցրել, սակայն անհրաժեշտության դեպքում իրենք կարող են ուկրաինացի գործընկերների համար զուգարանակոնքերից բաղկացած ծանրոցներ ուղարկել:
Նոյեմբերի 21-ին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը տեսանյութ է հրապարակել ի պատասխան Վորոնչենկոյի հայտարարության, թե նավերում բացակայում են զուգարանակոնքերն ու վարդակները: Լրատվամիջոցը նշում է, որ տեսանյութում երևում է, որ նավերը գտնվում են լավ վիճակում, այդ թվում նաև սանտեխնիկան:
Նավերի՝ Ուկրաինա ժամանելուց հետո դրանք ուսումնասիրել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և հայտարարել է, որ սարքավորումների մի մասը բացակայում է: Ուկրաինացի առաջնորդը հայտարարել է, որ այդ փաստի կապակցությամբ հետաքննություն կսկսի:
ՌԴ Բալթյան նավատորմի նախկին հրամանատար, ծովակալ Վլադիմիր Վալուևն առաջարկել է Ուկրաինային ցուցադրել նավերի վիճակը մինչ Ռուսաստանի կողմից դրանք կալանքի տակ վերցնելը:
Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել էր Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին: Նշվում էր, որ երեք ուկրաինական նավ ուղղություն էր վերցրել դեպի Կերչի նեղուց՝ նախապես նավերի անցման համար համապատասխան դիմում չներկայացնելով:
Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել էր նեղուցը: Բացի այդ, ռուսական սահմանապահ նավը վնասել էր ուկրաինական քարշակին, որը հետևում էր նավերի խմբին: Այնուհետև Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության էր ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:
Կիևը Մոսկվային մեղադրել էր բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել էր Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին: Ուկրաինայի ռազմածովային ուժերի փոխանցմամբ՝ ռուս սահմանապահները նավերը կանգնեցրել էին զենքի կիրառմամբ: Դրա հետևանքով վիրավորվել էր 3 ուկրաինացի զինծառայող:
Ռուսաստանը նոյեմբերի 18-ին Ուկրաինային է վերադարձրել կալանված «Բերդյանսկ» և «Նիկոպոլ» մոտորանավակները, ինչպես նաև «Յանի Կապու» քարշանավը:









