Պետերբուրգյան հրատարակությունը հայտարարել է, որ գտել է «Վագների խումբ» ռազմական միավորման անդամներից մեկին, որին նկատել է սիրիացի զինվորականի սպանության տեսանյութում

16:34 • 23.11.19

Պետերբուրգյան «Фонтанка» հրատարակությունը վստահեցնում է, որ գտել է 2017 թվականին Սիրիայում նկարահանված զինվորականի դաժան սպանության տեսանյութում երևացող ռուս զինվորականներից մեկին: Այս մասին տեղեկացնում է meduza.io կայքը:

Ենթադրաբար տեսանյութում երևացող անձը 39-ամյա նախկին զինվորական Ռուսլանն է՝ Բրյանսկից: Լրագրողները նրա անունը կապում են «Վագների խումբ» մասնավոր ռազմական միավորման հետ: Ծանոթները ճանաչել են նրան սպանության օրը կատարված խմբակային լուսանկարից:

«Фонтанка»-ի տվյալներով՝ ավելի վաղ Ռուսլանը մասնակցել է Չեչնիայի ռազմական գործողություններին: 2017 թվականին նա գործուղման է մեկնել Սիրիա: Հրատարակությունը գտել է նրա անձնագրի տվյալները և վկայություններն այն մասին, որ նա Սիրիա է գնացել Ռոստովից՝ չարթերային թռիչքով: Հրատարակության տվյալներով՝ հիմա նա զբաղվում է երիտասարդության հայրենասիրական դաստիարակությամբ:

«Фонтанка»-ի հետ զրույցում Ռուսլանը հայտարարել էր, որ երբեք չի եղել Սիրիայում, չի անդամակցել ոչ մի մասնավոր ռազմական միավորման և 2017 թվականին չի լքել Բրյանսկը: Նրա խոսքերով՝ ինքը հիմա կամավորական աշխատանք է կատարում Բրյանսկի Գագարինի անվան երիտասարդական արվեստի նահանգային պալատում: Ռուսլանը խոստացել էր հրատարակությանը՝ ներկայացնել  իր անձնագրի լուսանկարները, սակայն այդպես էլ չի ներկայացրել:  

Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին, «Новая газета»-ն տեսանյութ է հրապարակել, որում մի քանի ռուսերեն խոսող և զինվորական հագուստով անձինք դաժանաբար ծեծում, սպանում և ապա անդամահատում են  մի տղամարդու:

Նշենք, որ «Новая газета»-ն գրել է, որ «Վագների խումբ» ռուսական մասնավոր ռազմական կազմակերպության մի քանի անդամներ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի բանակից դասալիքի են մահապատժի ենթարկել: Դաժան տեսանյութը համացանցում էր հայտնվել 2017 թվականի հունիսին, սակայն հասկանալ, թե ովքեր են դրանում պատկերված, հաջողվել է միայն այժմ: