Թրամփը հայտարարել է, որ մինչև նախագահական ընտրություններում իր հաղթանակը Ուկրաինան ատում էր իրեն

03:18 • 23.11.19

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում իր նկատմամբ վերաբերմունքը կտրուկ փոխվել է, երբ ինքը 2016 թվականին հաղթել է նախագահական ընտրություններում: Այս մասին հայտնում է Корреспондент-ը:

«Ուկրաինան ատում էր ինձ և դեմ էր իմ թեկնածությանը, նրանք ցանկանում էին, որ հաղթանակ տոներ Հիլարի Քլինթոնը: Իսկ երբ հաղթող դարձա ես, նրանց վերաբերմունքը կտրուկ դեպի լավը փոխվեց»,- ասել է ԱՄՆ-ի առաջնորդը:

Թրամփը նաև քննադատել է Կիևում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչին և հայտարարել, որ նա դուր չէր գալիս նաև Ուկրիանայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ում խոշոր սկանդալ էր բորբոքվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Թրամփի հուլիսյան հեռախոսազրույցի շուրջ, որն առիթ էր դարձել ԱՄՆ առաջնորդի նկատմամբ պաշտոնանկության գործընթաց սկսելու համար: Ինչպես պնդում են ԱՄՆ նախագահի քաղաքական ընդդիմախոսները, Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ փորձել է Զելենսկիին համոզել Ուկրաինայում Ջոզեֆ Բայդենի որդու՝ Հանթերի գործունեության հետաքննություն սկսել՝ Կիևին ֆինանսական և ռազմական օգնություն ցուցաբերելու դիմաց: