Լավրովը պատմել է խորհրդային դիվանագետի արտահայտության մասին, որը «մեմի» է վերածվել ՄԱԿ-ում

19:00 • 24.11.19

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խորհրդային դիվանագետ Օլեգ Տրոյանովսկու ծննդյան 100-ամյա տարեդարձի առթիվ խոսել է նրա հայտնի արտահայտության մասին, որը «մեմի» էր վերածվել ՄԱԿ-ի շրջանակներում:

Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն, Լավրովը հիշել է այն դրվագը, երբ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջաններից մեկի ժամանակ բանակցային սենյակից դուրս գալիս կարմիր ներկ էին լցրել Տրոյանովսկիի և նրա ամերիկացի գործընկերոջ վրա: Ակցիան կազմակերպել էին չինական հասարակական կազմակերպությունների արմատական տրամադրություն ունեցող ներկայացուցիչները, որոնք գործում էին Նյու Յորքում:

Նախարարի խոսքով՝ Տրոյանովսկին կատարվածին արձագանքել է հումորով՝ասելով. «Better red than dead («Ավելի լավ է կարմիր, քան մեռած»):

Լավրովն ընդգծել է, որ այդ դրվագում հնարամտություն է դրսևորվել, ինչն առանձնահատուկ էր Տրոյանովսկուն:

«Ավելի լավ է կարմիր, քան մեռած» արտահայտությունը նմանակում է բրիտանացի փիլիսոփա Բերտրան Ռասելի հոդվածի վերնագիրը սառը պատերազմների քաղաքականության մասին: