Մահացել է հարավկորեացի փոփ երգչուհի և դերասանուհի Գու Հարան. նշվում է ինքնասպանության վարկածը

11:27 • 25.11.19

Հարավկորեացի 28-ամյա փոփ աստղ, KARA խմբի նախկին անդամ Գու Հարային նոյեմբերի 24-ին մահացած են գտել Սեուլի իր տանը: Այս մասին գրում է CNN-ը՝ հղում անելով Կաննամ շրջանի ոստիկանությանը։ Միջադեպի նախորդ օրը երգչուհին լուսանկար է հրապարակել իր ինստագրամյան էջում՝ նկարին կից գրելով. «Բարի գիշեր»:

Մահվան պատճառը դեռևս հայտնի չէ։ Այս պահին ոստիկանությունը քննություն է անցկացնում՝ մահվան հանգամանքները պարզելու համար։

Հայտնի է, որ 2019 թվականի մայիսին երգչուհուն անգիտակից վիճակում են գտել Սեուլի իր տանը ինքնասպանության փորձից հետո։ Դեպքից հետո Հարան ներողություն էր խնդրել երկրպագուներից՝ «անհանգստություն պատճառելու և խառնաշփոթ առաջացնելու համար»: Այս դեպքից մեկ ամիս անց երգչուհին խոստովանել է, որ ծանր ընկճախտ ունի առցանց հարթակում խիստ քննադատական մեկնաբանությունների պատճառով։

Հոկտեմբերին ինքնասպանություն է գործել հարավկորեացի 25-ամյա փոփ կատարող, դերասանուհի Սոլլին։ Վերջինս նախկինում ընկերական հարաբերություններ է ունեցել փոփ աստղ Կիմ Ջոնհյոնի հետ, որը նույնպես ինքնասպանություն է գործել 2017 թվականի դեկտեմբերին։ Սոլլիի ինքնասպանության պատճառը նույնպես եղել են քննադատական մեկնաբանությունները: