Ցավոք սրտի առ այսօր ես ԱԱԾ-ի հետ որևէ կապ չեմ ունեցել. Նարեկ Մալյանը՝ «Ռեստարտ»-ի անդամների հայտարարության վերաբերյալ (տեսանյութ)
Սորոսի վաստակները երեկվանից իրար մեջ պայմանավորվել են, որ պետք է ինձ կապեն ԱԱԾ-ի հետ: Այս մասին ՎԵՏՕ հասարակական շարժման ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ասաց շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:
«Ինձ թվում էր, թե սորոսական «Ռեստարտ» թիմի անդամները գիտակցության կգան, կհասկանան, թե ինչի հետ գործ ունեն»,- ասաց Մալյանը և ցանկացավ ամփոփել վերջին շրջանում կատարված պատմություններն ու նշեց, որ պատմությունն իր հանգուցալուծումը կստանա:
«Իրավական հանգուցալուծում կստանան՝ փաստացի ազատազրկման տեսքով: 6 ամբաստանյալների առևանգման փորձի մեղավորությունն ապացուցված է, և նրանց 4-8 տարի ազատազրկում է սպասվում: Եթե այդ մարդիկ իրենց պատիժը չկրեն, ապա իրենց ոչ իրավական կողմով պատիժն ավելի ծանր կլինի»,- ասաց նա:
Նարեկ Մալյանի խոսքով՝ «Ռեստարտ» խմբի այն քայլը, որ նրան փորձում են ԱԱԾ-ի հետ կապել, արվում է նրան վարկաբեկելու համար: Նա նշեց՝ ցավով է ասում, բայց երբեք ԱԱԾ-ի հետ կապ չի ունեցել, և ըստ նրա՝ ցանկացած հայրենասեր մարդու պարտականությունն է ապահովել երկրի անվտանգությունը:
«Շատ տարօրինակ է, որ մարդը վարձատրվում է եսիմ որտեղից և փորձում է իր ճշտի պատկերացման տեսլականը պարտադրել բոլորիս: Այսինքն, ամերիկացի միլիարդատիրոջ վարձկանը փորձում է մեզ դաս տալ: Նա հայտարարում է, որ ԱԱԾ-ի հետ առնչություն ունենալը պարսավելի բան է: Ես արմատախիլ եմ անելու այդ մոտեցումը»,- նշեց Մալյանը:
Նարեկ Մալյանը հիշեցրեց, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի կողմից ուղղորդվող գործընթացների դեմ ակցիա էր սկսել, քանի որ ըստ նրա՝ Հովհաննիսյանը փողի դիմաց «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դեմ աշխատություն է գրել: Մալյանը նշեց, որ ռեստարտականները դրանից նեղվել և փորձել են իր նկատմամբ բռնություն գործադրել:
Հիշեցնենք, որ «Ռեստարտ» նախաձեռնության անդամներն այսօր ԱԱԾ-ի դիմաց բողոքի ցույց էին իրականացնում: Նրանք պնդում էին, որ կան վիդեոբլոգերներ, որոնք համագործակցում են ԱԱԾ-ի հետ:
Հիշեցնենք նաև, որ 2019 թվականի մարտի 3-ին «Ռեստարտ» նախաձեռնության անդամները ՎԵՏՕ հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանի տան մոտ հարձակվել էին վերջինիս վրա:
Մանրամասները՝ տեսանյութում









