Louis Vuitton-ը 16,2 միլիարդ դոլարով գնել է Tiffany ոսկերչական ընկերությունը
Ֆրանսիական Louis Vuitton Moet Hennessy (LVMH) ընկերությունների խումբը հայտարարել է ոսկերչական խոշորագույն Tiffany ընկերությունը 16,2 միլիարդ դոլարով գնելու մասին, գրում է BBC-ն։
«LVMH-ը և Tiffany & Co.-ն հայտարարում են, որ վերջնական համաձայնության են եկել Tiffany-ի յուրաքանչյուր ակցիան 135 դոլարով ձեռք բերելու վերաբերյալ։ Գործարքի արժեքը կազմում է 14,7 միլիարդ ֆունտ ստերլինգ կամ 16,5 միլիարդ դոլար»,- ասված է հայտարարության մեջ։
2011 թվականին LVMH-ն արդեն գնել է իտալական հայտնի «Bulgari» ընկերությունը՝ 5,5 միլիարդ դոլարով։ Ոսկերչական իրերի արտադրության և վաճառքի ոլորտում «LVMH»-ի գլխավոր մրցակիցները Cartier և Van Cleef & Arpels ընկերություններն են։
LVMH-ի նախագահ և գլխավոր տնօրեն Բեռնար Առնոն ողջունել է Tiffany-ի մուտքը նորաձևության 75 տնից բաղկացած «ընտանիք»։
«Մենք հավակնում ենք այս խորհրդանշական բրենդին «ստիպել» փայլել, ինչպես եղել է նորաձևության բոլոր տների հետ, որոնք մեզ են միացել մեր ամբողջ պատմության ընթացքում»,- ասել է Առնոն։
Ընկերությունների տնօրենների խորհուրդը հորդորել է հավանություն տալ ավելի քան մեկ տարի քննարկված գործարքին։ Սպասվում է, որ այն ավարտին կհասցվի 2020-ի կեսերին։
Tiffany ընկերությունը հիմնադրվել է 1837 թվականին Չարլզ Լյուիս Թիֆանիի և Ջոն Յանգի կողմից, որոնք իրենց խանութը բացել են Մանհեթենում։ Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Նյու Յորքում։ Ընկերությունն ամբողջ աշխարհում ունի 300 բուտիկ և շուրջ 14 հազար աշխատակից։









