ՌԴ Դուբնա քաղաքում հայ է սպանվել. ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը կոչ է արվել հետևել քննության ընթացքին՝ մեղավորի պատժից խուսափելը կանխելու համար (տեսանյութ)
Հայաստանի քաղաքացի մի քանի երիտասարդներ իրենց հանգիստն են անցկացրել ՌԴ Դուբնա քաղաքի «Լիմոնադ» գիշերային ակումբում, հաղորդում է Infoteka 24-ը:
Ակումբում երիտասարդները հանդիպել են իրենց ծանոթներին, որոնց թվում է եղել նաև քաղաքի բնակիչ ոմն Սերգեյ Շ.-ն (կասկածյալի տվյալները ճշտվում են): Վերջինս նախկինում խնդիրներ է ունեցել Գյումրի քաղաքում ծնված Երեմ Գևորգյանի շրջապատի ընկերների հետ: Ակումբում շփման ընթացքում կոնֆլիկտը հարթվել է:
Սակայն ավելի ուշ, երբ Երեմն ու իր զարմիկը ծխելիս են եղել հաստատության մոտքի մոտ, տվյալ անձը հարձակում է գործել նրանց վրա: Հարվածի հետևանքով Երեմն ընկել է և կյանքի հետ անհամատեղելի գլխի վնասվածք ստացել, իսկ նրա զարմիկը միջին ծանրության վնասվածք է ստացել:
Նախնական տվյալներով՝ իրավապահները ձերբակալել են կասկածյալին, սակայն տուժած կողմի հարազատները մտավախություն ունեն, որ նրան կարող են ազատ արձակել, քանի որ վերջինս ավելի վաղ աշխատել է ՆԳՆ կառույցներում:
Հարազատներին արդեն հայտնել են, որ, հնարավոր է, տվյալ դեպքում կիրառվի ՌԴ Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածը՝ «Անզգուշությամբ մահ պատճառելը»:
Ռուսաստանի հայերի միության համանախագահ Մուշեղ Սյունին իր ֆեյսբուքյան էջում կոչ է արել Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը միանալ և հետևել քննության ընթացքին՝ կասկածյալի՝ պատասխանատվությունից խուսափելը բացառելու և վերջինիս օրենքի ամբողջ խստությամբ դատելու համար:









