12-ամյա ամերիկացին առաջին անգամ տարբերել է գույները հատուկ ակնոցի օգնությամբ և չի կարողացել զսպել արցունքները (տեսանյութ)

22:18 • 25.11.19

ԱՄՆ Մինեսոտա նահանգում բնակվող 12-ամյա տղան, որը գույները չէր տարբերում, առաջին անգամ կարողացել է տեսնել իր շրջապատի իրական գույները:

Ինչպես ներկայացնում է New York Post-ը, դա 12-ամյա Ջոնաթան Ջոնսին հաջողվել է հատուկ ակնոցի օգնությամբ, որը նրան է հանձնել իր ուսուցիչը դալթոնիզմին նվիրված դասաժամի ընթացքում:

Յոթերորդ դասարանում սովորող տղան չի կարողացել զսպել արցունքները՝ իր համար արտասովոր տպավորությունից հետո: Տղայի ուսուցիչը, որը նույնպես չի տարբերում գույները, առաջարկել է աշակերտին դնել իր հատուկ ակնոցը: Հուզիչ տեսարանը նկարահանել է Ջոնաթանի եղբայրը՝ Բենը:

Տեսանյութը հրապարակվել է նաև GoFundMe էջում, որտեղ 350 դոլարի դրամահավաք է իրականացվում: Արդյունքում ավելի քան 87 000 մարդ հավանել և կիսվել է տեսանյութով, բացի այդ հաջողվել է 13 265 դոլար հավաքել 617 դոնորներից:

Տղայի ընտանիքը խոստացել է մնացած գումարը փոխանցել հիմնադրամին, որը զբաղվում է անապահովների համար նման ակնոցների ձեռքբերմամբ: