Հոնկոնգի ՏԻՄ ընտրություններում հաղթում են դեմոկրատները. Հոնկոնգի ղեկավարը հայտարարել է, որ հարգում է ընտրությունների արդյունքները

10:38 • 25.11.19

Հոնկոնգ հատուկ վարչական շրջանի ղեկավար Քերի Լեմը հայտարարել է, որ շրջանային կառավարությունը հարգում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները, որոնցում դեմոկրատական դաշինքը ներկայացնող ուժերը բացարձակ մեծամասնություն են ստացել: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Կիրակի Հոնկոնգում տեղի են ունեցել 18 քաղաքային շրջանների խորհուրդների անդամների ընտրությունները, որոնցում 1090 թեկնածուներ պայքարել են 452 տեղի համար: Խորհուրդները միկրոշրջանների մակարդակով զբաղվում են տեղական խնդիրներով, ինչպես, օրինակ, տրանսպորտն ու կոմունալ ծառայությունները: Տեղի ժամանակով ժամը 9:00-ի դրությամբ (Երևանի ժամանակով՝ 5:00-ի) դեմոկրատները հաղթում են 18 շրջաններից 17-ում՝ ստանալով ավելի քան 278 տեղ: Պեկինամետ դաշինքը դեռ ստացել է 42 տեղ, իսկ անկախ թեկնածուները՝ 24:

2015 թվականի ընտրություններից հետո բոլոր խորհուրդները գտնվում էին իշխանության կողմնակիցների ձեռքում:

«Կառավարությունը հարգում է անցած ընտրությունների արդյունքները: Ես ուշադրություն եմ դարձրել, որ շատերն ընտրությունների արդյունքը կապում են ժողովրդի շրջանում դժգոհությունների հետ: Կառավարությունը պատրաստ է լսել ժողովրդի կարծիքը»,- ասված է Քերի Լեմի հայտարարության մեջ:

Նա նաև հույս է հայտնել, որ ընտրությունների ժամանակ տիրող խաղաղ ու անվտանգ իրավիճակը կմնա անփոփոխ:

«Երեկ քաղաքի շրջանային խորհուրդների ընտրություններին մասնակցել է 2,94 միլիոն մարդ, ինչն ընտրողների 71,2%-ն է կազմում: Սա պատմության ամենաբարձր ցուցանիշն է, ինչը ցույց  է տալիս քաղաքացիների ցանկությունը՝ արտահայտելու իրենց կամքը»,-հայտարարել է Հոնկոնգի ղեկավարը:

Ընտրությունները, որ տեղի են ունեցել արդեն 6-րդ ամիսը չմարող հակակառավարական ցույցերի ֆոնին, դիտվում են որպես աջակցություն հակակառավարական ցույցերին:

71,2% մասնակցության սանդղակը ռեկորդային է: 2015 թվականի նույն ընտրություններին մասնակցությունը կազմել է 47%: