Բողոքի ակցիա Բիշքեկում. ցուցարարները պահանջում են ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը (տեսանյութ)

12:43 • 25.11.19

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում բողոքի ակցիաներ են սկսվել: Բիշքեկի կենտրոնում հավաքված ցուցարարները բողոքում են կոռուպցիայի դեմ և պահանջում են ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Կոռուպցիայի դեմ ցույցն անցկացվում է Ղրղզստանի մայրաքաղաքի «Ալա-Տոո» կենտրոնական հրապարակում, ցույցին մասնակցում է մոտ 300 մարդ:

Ցուցարարներն իշխանություններից պահանջում են ուժեղացնել կոռուպցիայի դեմ պայքարը և ձերբակալել կաշառակեր պաշտոնյաներին: Ակցիան կազմակերպվել է հասարակական ակտիվիստների կողմից, դրա անցկացման մասին հայտարարվել էր ավելի վաղ, սակայն ակցիայի անցկացումը համաձայնեցված չէ իշխանությունների հետ:

«Մենք պահանջում ենք Ազգային անվտանգության պետական կոմիտեի, Հակակոռուպցիոն ծառայության, Ներքին գործերի նախարարության և Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի պետական ծառայության մարմինների ղեկավարների հրաժարականները»,- հայտարարել է ցուցարարներից մեկը:

Այս հայտարարությունից հետո ակցիայի կազմակերպիչները խնդրել են ցուցարարներին ցրվել, որպեսզի խուսափեն սադրանքներից: Ակցիայի վայրում հերթապահում են իրավապահ մարմինների աշխատակիցները, ցույցն անցնում է խաղաղ պայմաններում:

Ակցիայի պատճառ է դարձել ղրղզ լրագրողների հետաքննությունը սահմանային անցակետերում կոռուպցիոն սխեմաների մասին: Հետաքննության հեղինակների պնդմամբ՝ այդ սխեմաներում ներգրավված են մի շարք նախկին և ներկայիս պաշտոնյաներ: Լրագրողների պնդմամբ՝ կոռուպցիոներների գործունեության արդյունքում վերջին մի քանի տարիների վնասը հասել է հարյուր միլիոնավոր դոլարների: