«Հունվարի առաջին տասնօրյակում հնարավոր է՝ տեղի ունենա Պուտինի այցը Թուրքիա». Կրեմլ
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա հունվարի առաջին տասնօրյակում պատրաստության ընթացքի մեջ է: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Վերջին հեռախոսազրույցներից մեկի ընթացքում Պուտինն ու (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ) Էրդողանը պայմանավորվել են, որ հունվարի սկզբին, ես կասեի՝ հունվարի առաջին տասնօրյակում, արդեն պատրաստ կլինի «Թուրքական հոսք» գազատարի ցամաքային հատվածը, հնարավոր է՝ տեղի ունենա նախագահ Պուտինի այցը Թուրքիա»,-ասել է Պեսկովն ի պատասխան լրագրողների խնդրանքի՝ մեկնաբանել թուրքական կողմի հայտարարություններն այն մասին, որ ՌԴ նախագահը ներկա կլինի «Թուրքական հոսքի» բացման արարողությանը:
«Թուրքական հոսք» գազատարի առաջին գիծը նախատեսված է թուրք սպառողներին ռուսական գազ մատակարարելու համար, իսկ երկրորդը՝ Հարավային և Հարավարևելյան Եվրոպայի երկրներին:









