Հայտնի է, թե ինչը կփրկի Ռուսաստանը ժողովրդագրական ձախողումից

02:30 • 25.11.19

Այս տարի ՌԴ միգրացիոն ծառայությունն արտասահմանցիներին մեկ ու կես անգամ ավելի հաճախ է քաղաքացիություն տրամադրել, քան նախորդ տարի: Այս մասին հայտնում է Известия-ն՝ հղում անելով ՆԳՆ-ից տրամադրված վիճակագրությանը:

Հաղորդվում է, որ նոր անձնագրերի տերերը հիմնականում ուկրաինացիներ են:

Նրանք քաղաքացիություն ստացած անձանց կեսից ավելին են կազմել՝ մոտ 146 հազար մարդ: Ռուսաստանի Խաղաղության հիմնադրամի առաջին փոխնախագահ Ելենա Սուտորմինան կարծիք է հայտնել, որ խոսքը առավելապես Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական Հանրապետությունների բնակիչների մասին է, որոնց համար այս գարնանը պարզեցվել էր ռուսական փաստաթուղթ ստանալու կարգը:

Բացի դա, ռուսական անձնագրեր հաճախակի են ստացել նաև Ղազախստանից(35 հզ. մարդ), Տաջիկստանից(30 հզ), Հայաստանից(17 հզ), Ուզբեկստանից(14 հզ), Մոլդովայից(11,5 հզ): ՌԴ պետական վիճակագրական դաշնային ծառայության տվյալներով՝ հունվար-սեպտեմբեր ամիսներին ռուսական քաղաքացիություն է ստացել 285 հազար մարդ, ինչը 48% -ով ավել է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում էր(192 հզ մարդ):

Նշվում է, որ տեղական իշխանությունները կարող են հնարավորություն ստանալ սահմաններ դնել արտոնագրերի քանակի վրա և մի շարք մասնագիտություններ արգելել աշխատանքային ներգաղթյալներին:

Դիտվող աճը «պայմանավորված է միգրացիոն օրենսդրության ընդունված փոփոխություններով, որոնք ուղղված են ռուսական անձնագրեր ձեռք բերելու պարզեցմանը»,- պարզաբանել են ՆԳՆ-ից:

Փորձագետների կարծիքով՝ քաղաքացիության ընդունումը կպահպանի ծնելիության նվազմամբ պայմանավորված բնակչության թվաքանակի հավասարակշռությունը: Նոր քաղաքացիների հոսքի հաշվին հնարավոր կլինի Ռուսաստանը փրկել ժողովրդագրական ձախողումից: