Կարեն Բիշարյանն այս քրեական գործով չի կարող իրականացնել մեղադրանքի պատշաճ պաշտպանություն. Էրիկ Ալեքսանյան
Երբ պարոն Բիշարյանը ԱԺ ամբիոնից ելույթ է ունեցել, փաստացի բացառել է քրեական հետապնդման հարուցման և իրականացման հանգամանքը, բացառել է արդարադատությանը խոչընդոտելու փաստը։ Այս մասին իր ելույթում ասաց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը՝ միանալով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի՝ դատախազ Կարեն Բիշարյանին բացարկ հայտնելու միջնորդությանը: «Հետևաբար, տրամաբանական հարց է առաջանում, թե ինչպե՞ս է ստացվել, որ 2018 թվականին պարոն Բիշարյանը, փաստացի բացառելով նախկին ՍԴ անդամների վրա ազդեցություն գործադրելու հանգամանքը, մի քանի ամիս անց դիրքորոշումը փոխում է և այն դիրքորոշման է այժմ, որ ՍԴ անդամների վրա ազդեցություն է գործադրվել»,- ասել էր Ալեքսանյանը:
Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ սա խոսում է այն մասին, որ կա տարբերակված մոտեցում. «Կարեն Բիշարյանը այս քրեական գործով չի կարող իրականացնել մեղադրանքի պատշաճ պաշտպանություն»,- ասաց նա:
Բիշարյանն իր ելույթում նշեց, որ դատախազին կարելի է մեղադրել կողմնակալ լինելու միայն հիմնավորումներով. «Դատախազին չակերտավոր կարելի է մեղադրել կողմնակալ լինելու մեջ՝ այն պայմանով, որ մեղադրանք ներկայացնողը հիմնավորումներ ներկայացնի, որ դատախազի դիրքորոշումը և՛ նախկինում, և՛ ներկայում հիմնված չի եղել փաստական տվյալների վրա»,-ասաց Բիշարյանը և նշեց, որ ընդամենը դիրքորոշումների միջև որոշակի տարբերության փաստ արձանագրելն ինքնին չի նշանակում, որ կողմնակալության մասին հիմնավոր փաստարկ կա:
«Եթե նույնիսկ տարբերություն կա, այդ տարբերությունը խիստ պայմանական է, այն ժամանակ այլ հարցեր են քննարկվել, հիմա մեղադրանքներն այլ հանգամանքների են վերաբերվում: Ե՛վ նախկինում, և՛ հիմա իմ դիրքորոշումը հիմնված է եղել փաստական տվյալների վրա: Պրոֆեսիոնալ իրավաբանի համար դա շատ ակնհայտ է»,- ասաց Բիշարյանը:
Բիշարյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նրանց դիրքորոշումը չի փոխվել:









