Վստահ եմ, որ կառույցն ունի անհրաժեշտ ներուժ՝ իր առջև դրված խնդիրները արդյունավետորեն լուծելու համար. Բակո Սահակյանը մասնակցել է Դատախազության օրվան նվիրված միջոցառմանը

12:25 • 26.11.19

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին մասնակցել է Դատախազության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմը:

Երկրի ղեկավարը շնորհավորել է համակարգի աշխատակիցներին, պետական բարձր պարգեւներ հանձնել եւ կոչումներ շնորհել մի խումբ ծառայողների:

Իր խոսքում Նախագահը նշել է, որ դատախազության ոլորտը, այն գործառույթները, որոնք իրականացնում է կառույցը, անձնակազմի մասնագիտական պատրաստվածության եւ վերապատրաստման, ծառայության համար համապատասխան պայմանների ապահովումը միշտ եղել են եւ կլինեն մեր պետականաշինության կարեւոր ուղղություններից:

«Վստահ եմ, որ կառույցն ունի անհրաժեշտ ներուժ՝ իր առջեւ դրված խնդիրները արդյունավետորեն լուծելու համար, եւ դուք այսուհետ եւս մեծագույն պատասխանատվությամբ ու նվիրվածությամբ կշարունակեք ձեր ծառայությունը՝ ի նպաստ մեր հայրենիքի ու ժողովրդի բարօրության»,- ընդգծել է իր ելույթում Բակո Սահակյանը: