Հնգամյա ծրագիրը ոչ մագաղաթի վրա է գրված, ոչ էլ սեպագիր արձանագրություն է, կարելի է ցանկացած պահի այն փոփոխել. քաղաքապետի խորհրդականը` Դավիթ Խաժակյանին

16:55 • 26.11.19

Այսօր Երևանի ավագանու հերթական նիստին հարց ու պատասխանի ժամանակ «Լույս» խմբակցության պատգամավոր Դավիթ Խաժակյանն անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացրած հնգամյա զարգացման ծրագրին, որը դեկտեմբերին պետք է դրվի ավագանու քննարկմանը: Նա ներկայացրեց օրենքները, որտեղ հակասություններ կան այդ նախագծի ընդունման հարցում:

«Ուսումնասիրել ենք ակտերը և համարում ենք, որ հնգամյա զարգացման ծրագիրը մի փաստաթուղթ է, որը կարելի է ցանկացած պահի փոփոխել»,-ասաց նա:

Քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանեց, որ եթե փոփոխություն է լինում, պետք է լինի օրենքի սահմաններում:

Քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանը պատասխանեց, որ հիմնավորումների դեպքում քաղաքապետը կարող է նախաձեռնել փոփոխություններ: «Հնգամյա ծրագիրը ոչ մագաղաթի վրա է գրված, ոչ էլ սեպագիր արձանագրություն է: Եթե ընդունվել է, օրենքում նախատեսված հիմքերի առկայության դեպքում կարող է փոխվել»,-ասաց նա:

Դավիթ Խաժակյանը համաձայնեց, որ ոչ մի բանն էլ քարի վրա գրված չէ և հավելեց, որ դրանք օրենքի խախտումներ են: «Հիմա սա չարձանագրվի, հետո է արձանագրվելու, կրկին վատ ավանդույթի հետևանքով, երբ ամեն հաջորդ եկած իշխանությունը նախկինի թղթերն է փորփրում՝ տեսնելու համար, թե ինչ ապօրինություններ կան: Այն սխալները, որոնք որ դուք եք ընթացիկ թույլ տալու, պետք է արձանագրվեն, ինչն ինձ համար ցավալի երևույթ է: Որևէ մեկը չի մտածում քննարկել մեր ներկայացրած մտահոգությունները: Դուք ոնց ճիշտ համարում եք, արեք, հետո ժամանակն ամեն ինչի գնահատականը կտա»,-ասաց նա:

Հայկ Մարությանը արձագանքեց. «Շատ շնորհակալ եմ, որ անհանգստանում եք ինձ համար, ինձ համար դա հաճելի է, առնվազն»: