Լիբանանցի գործարարն աճուրդով 600 հազար եվրոյով գնել է Հիտլերի իրերը (լուսանկարներ)
Լիբանանցի գործարարը Մյունխենում կայացած աճուրդի ժամանակ ձեռք է բերել նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերին պատկանած՝ ընդհանուր 600 հազար եվրո արժողությամբ իրերը, գրում է BBC-ն։
Տեղեկատվությունը հաստատել է աճուրդի կազմակերպիչ Herman Historica աճուրդի տունը։
Շվեյցարիայում բնակվող գործարար Աբդալլա Շատիլան հայտարարել է, որ մտադիր է ձեռք բերված իրերը հանձնել Իսրայելին։ Աբդալլան դեռևս մինչ աճուրդն իսրայելական «Կերեն հա-Յեսոդ» կազմակերպությանը տեղեկացրել էր, որ մտադիր է Հիտլերին պատկանած որքան հնարավոր է շատ իրեր ձեռք բերել և դրանք հանձնել Իսրայելին՝ որպես նվիրատվություն։ Աբդալլայի խոսքով՝ ընդհանուր առմամբ, նա ձեռք է բերել Հիտլերին պատկանած 10 իր՝ այդ թվում Հիտլերի գլխարկը, Mein Kampf («Իմ պայքարը») գիրքը, սիգարների տուփը, նամակները և տպագրական մեքենան։
Շատիլան նաև հայտնել է, որ սկզբում մտադիր է եղել այրել Հիտլերի իրերը, այնուհետև գիտակցել է Հիտլերին պատկանած իրերի պահմանման կարևորությունն ապագա սերունդների համար։
«Կերեն հա-Յեսոդ»-ի ներկայացուցիչը, որը զբաղվում է Իսրայելի համար նվիրատվությունների հավաքմամբ, նոյեմբերի 25-ին հաստատել է, որ կազմակերպությունն ընդունելու է նշված իրերը և ապագայում որոշելու է՝ ում հանձնել դրանք։
Նոյեմբերի կեսերին ավստրիական Բրաունաու քաղաքի իշխանությունները որոշում են կայացրել հանձնել տունը, որտեղ 1889 թվականին ծնվել և կյանքի առաջին տարիներն է անցկացրել Ադոլֆ Հիտլերը։ Որոշման պատճառներից մեկը Հիտլերի կողմնակիցների զբոսաշրջային այցերն են եղել դեպի նրա մանկության տունը։ Նացիոնալ սոցիալիզմի աջակիցները բազմիցս ակցիաներ են անցկացրել Հիտլերի տան առջև, ինչը հաճախ ավարտվել է ձերբակալություններով։
Ավելի վաղ տեղեկատվություն է տարածվել, որ Ադոլֆ Հիտլերի իրերի և Եվա Բրաունի զգեստների՝ աճուրդում վաճառքի հանելու հանգամանքը Հրեաների եվրոպական միավորման զայրութն է առաջացրել։
Իրերի մեծ մասը գտնվել է 1945 թվականի մայիսին ամերիկյան զինվորների կողմից Զալցբուրգում հայտնաբերված 40 սնդուկներում։
Հրեաների եվրոպական միավորման ղեկավար Մենախեմ Մարգոլինը հայտարարել է, որ սխալ է համարում նշված իրերի վաճառքը և Hermann Historica ընկերությանը նամակ է ուղարկել՝ «Երրորդ ռայխի» ղեկավարներին պատկանած իրերն աճուրդից հանելու պահանջով։
«Մենք կարծում ենք, որ ներկայացված իրերը մեծ պատմական նշանակություն չունեն, սակայն փոխարենը դրանց գնորդները մեծ արժեք կտան դրանց և կփորձեն արդարացնել մեծագույն չարիքը, որը երբևէ եղել է Եվրոպայում․ ուստի՝ նման իրերի վաճառքն ուղղակի չպետք է տեղի ունենա»,- գրել է Մարգոլինը։















