Դատավորը գնաց խորհրդակցական սենյակ․ դատախազ Կարեն Բիշարյանին ներկայացված բացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի 17:45-ին (տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական հերթական նիստը։
Քիչ առաջ դատարանի դիմաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա էին իրականացնում։
Փաստաբանական թիմը բացարկի միջնորդություն է ներկայացրել դատախազ Կարեն Բիշարյանին:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը բացարկի միջնորդություն է ներկայացրել մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանին։
Ըստ նրա, դեռևս 2018 թ․ փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ-ում հրավիրված՝ «Մարտի 1»-ի դեպքերի վերաբերյալ քննարկումների ժամանակ դատախազ Բիշարյանը Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ դիրքորոշում է հայտնել, նշելով, որ նրան մեղադրանք առաջադրելու հիմքեր չկան ու որպես վկա հրավիրելու անհրաժեշտություն էլ չկա։
Խուդոյանի խոսքով, քաղաքական որոշակի փոփոխությունների արդյունքում սկսվել են գործընթացներ, որի պարագայում գլխավոր դատախազն ու Կ. Բիշարյանն արդեն տեսել են հիմքեր, մինչդեռ փաստերը և նույն 0038 հրամանագիրը հայտնի են եղել։ Փաստաբանն ուշադրություն հրավիրեց նաև այն բանին, որ Բիշարյանը կանխակալ վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ և չի կարող սույն գործով մասնակցել որպես մեղադրող։
Մինչ այդ Ռ․ Քոչարյանի փաստաբանական թիմը բացարկի միջնորդություն էր ներկայացրել «Մարտի 1»-ի գործով մեղադրանքի եզրակացությունը ստորագրած և վերահսկողություն իրականացրած դատախազ Պետրոս Պետրոսյանին, սակայն դատարանը մերժել է միջնորդությունը։
Բիշարյանին ներկայացված միջնորդությանը միացել են նաև Փաստաբանական թիմի անդամներ Արամ Օրբելյանը և Ռուբեն Սահակյանը։ Միջնորդությանը միացել է նաև Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը, որի ելույթի ժամանակ դատախազ Գևորգ Բաղդասարյանն իր վրդովմունքն է հայտնել, ինչն էլ առաջացրել է փաստաբան Պողոսյանի դժգոհությունը։
Դատավոր Աննա Դանիբեկյանը ստիպված է եղել ընդմիջել դատական նիստը։









