Ձեր աշխատակիցները բանվոր են ծեծում, իսկ Դուք պարծենում եք, որ Ձեր թիկունքը քաղաքապետն է. Անի Խաչատրյանը` Աղբահանության հիմնարկի տնօրենին

17:56 • 26.11.19

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանն այսօր ավագանու նիստի հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց, որ իրեն լուրեր են հասել, որ Երևանի Աղբահանության և սանիտարական համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանը պաշտոնյային անհարիր պահվածք է դրսևորում և կիրառում անվայել բառապաշար։ Նա նաև նշեց, որ վերջերս նրա ընկերների մասնակցությամբ միջադեպ է եղել շենքերից մեկի բակում։

Արմեն Գրիգորյանը պարզաբանեց, որ եղել է նման միջադեպ, ինչի մասին իրեն զեկուցել են: «Վարորդների վեճ է եղել, ինձ օգնական չի այդ մարդը և չի էլ լինելու, հիմա կենթարկվեն կարգապահական պատասխանատվության»,-ասաց նա:

Անի Խաչատրյանը նշեց, որ ցանկանում ենք իրավական պետություն ունենալ, բայց հին մշակույթը, «ռազբորկեքը» շարունակվում են: «Պարո՛ն Գրիգորյան, լուրեր են հասել, որ տենդեր շահած կազմակերպություններին գումարը ժամկետին չեք տրամադրում, նաև Ձեր աշխատակիցները բանվոր են ծեծում Կենտրոն վարչական շրջանում, նաև, որ Դուք եք վատ վերաբերվում աշխատակիցների հետ: Ձայնագրություններ էլ կան, թե ինչպես են 18+ կռիվներ անում»,– ասաց նա։

Այնուհետև Անի Խաչատրյանը դիմեց քաղաքապետ Հայկ Մարությանին.«Ի դեպ, ես կարող եմ հրապարակել, պարո՛ն քաղաքապետ, Ձեզ էլ վիդեոն ուղարկել, թե ինչպես են բակում Ձեր աշխատակիցներն ամենավերջին հայհոյանքները հնչեցնում, որի հարակից տարածքում ապրում են բնակիչներ ու հստակ երևում է, որ բնակչի պատուհանից նկարած վիդեո է»,– ասաց նա:

«Տարբեր տեղեր պարծենում եք, որ Ձեր թիկունքը քաղաքապետն է»,– դիմելով արդեն Աղբահանության և սանիտարական համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանին շարունակեց Անի Խաչատրյանը,– և՛ պարոն Խաչիկյանին, և՛ Արեյանին Ձեր բառերով ասած` «չունեմ պրիզնատ գալու»: Նաև թաղապետեր են եղել, որոնց հետ սրճարաններից մեկում բավականին լուրջ ընդհարում եք ունեցել, էլ ո՞րն ասեմ, էլ որը»,-ասաց նա:

Արմեն Գրիգորյանն արձագանքեց, որ ասվածը չի համապատասխանում իրականությանը: «Ես «ռազբորկա», «պրիզնատ գալ»  ման բառեր չեմ կիրառում: 150 տղամարդ է, կարող  է վեճեր էլ լինեն, բայց նման մակարդակի բաներ չի լինի, քանի որ բոլոր բանվորների հետ էլ, վարորդների հետ էլ անձամբ շփվում եմ: Աշխատանքը ֆեյսբուքյան պատրանքով չի, աշխատանքը իմ բանվորները, իմ վարորդները իմ հավաքարարներն են արել»,- ասաց նա:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր հերթին արձագանքեց՝ ասելով, որ Անի Խաչատրյանը քիչ առաջ հայտարարեց, որ Սամվել Ալեքսանյանը նվեր է տվել քաղաքապետարանին, սակայն դա իրականությանը չի համապատասխանում:

«Այսինքն՝ դա հարյուր տոկոսանոց սուտ ինֆորմացիա է, և ինձ մոտ շատ լուրջ կասկածներ կան, որ հաջորդ ինֆորմացիան նույնպես սուտ է: Տիկի՛ն Խաչատրյան, բոլոր իմ աշխատակիցները իմ հովանու ներքո են, բոլորի մասին մտածում եմ, բոլորի առողջության մասին մտահոգ եմ և ամեն ինչ անելու եմ, որ իրենք իրենց ընտանիքները լինեն լավ: Վստահ եղեք, չկան արտոնյալներ` ինչպես ներսում, այնպես էլ դրսում»,-ասաց նա և կոչ արեց որակումներ չանել, լինել զուսպ և ավագանու անդամին հարիր պահվածք դրսևորել: Հայկ Մարությանը նաև նշեց, որ ձեռքբերումներն էլ, խնդիրներն էլ բոլորինն են:

Անի Խաչատրյանը ի պատասխան ասաց, որ այս 18+ վիդեոն Մարությանի թիմի ձեռքբերումն է, իսկ Հայկ Մարությանն արձագանքեց.«Այդ վիդեոների մասին էլ մի ասեք, որովհետև մեկ անգամ ավագանու ֆրակցիայի նիստին այնպիսի բաներ եմ լսել, որ բակում չեմ լսել և լսել եմ դրսից և տարբեր ֆրակցիաների անդամների մասնակցությամբ, դրա ձայնագրությունն էլ կա իմիջայլոց»: