Լեզուն ինքնության կարևորագույն բաղադրիչներից մեկն է ոչ միայն հայերի, այլ ցանկացած ժողովրդի պարագայում. Սամվել Ֆարմանյան

15:45 • 26.11.19

Պատմական գիտությունների թեկնածու, հասարակական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը և հրապարակախոս, պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը այս անգամ զրուցել են հայոց լեզվին վերաբերող հարցի շուրջ:

Ֆարմանյանի կարծիքով՝ քանի դեռ գիտակրթական քաղաքականությունը ամբողջության մեջ պարզ և հասկանալի չի հանրությանը և հասարակության բոլոր շերտերին, ապա վերցնել և առանձնացնել գիտակրթական բարեփոխումների որևէ առանձին էլեմենտ, առավել ևս, եթե դա վերաբերում է հայոց պատմությանը, հայոց լեզվին կամ հայ եկեղեցու պատմությանը, ինքնին արդեն սխալ մոտեցում է, որովհետև դա կարող է լինել ճիշտ կամ սխալ մասնիկ՝ ընդհանուր պատկերում, թե մենք ի վերջո ինչպիսի կրթություն և ինչպիսի համակարգ ենք պատկերացնում մեր երկրի ապագայի համար, և որ ամենակարևորն է, ինչպես հասնել դրան: «Այս հարցում շատ ծայրահեղություններ կան մեր հանրային դիսկուրսում, որի արդյունքում ստեղծվում է թյուր տպավորություն, որ եթե մենք ցանկանում ենք ստեղծել ժամանակակից գիտակրթական մրցունակ համակարգ, ապա դա հնարավոր է անել եթե, դիցուք, վերանայվեն  հայագիտական առարկաները: Բոլոր մտածող մարդկանց համար հասկալի է, որ սա առնվազն թյուր մեկնաբանություն է, իրավիճակի ոչ ճիշտ գնահատական է և ծայրահեղություն, որովհետև ոչինչ չի խանգարում ունենալ հայոց լեզու և հայոց պատմություն լավ իմացող և լեզվին լավ տիրապետող սերունդ, որը ստանում է տեխնոլոգիական փայլուն կրթություն»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ լեզուն ժողովրդի ինքնության կարևորագույն բաղադրիչներից մեկն է, և այս հարցին ուղղված ցանկացած գործողություն պետք է շատ ծանր ու թեթև անել: Հայոց լեզվին վերաբերող կառավարության քաղաքականությունը այսօրվա, վաղվա , երեկվա այլ լեզուների պարագայում այլ կառավարությունների կողմից: Պատկերավոր ասած` երբ մենք հայոց լեզուն համեմատում ենք ֆրանսերենի կամ անգլերենի հետ, մենք պարտավոր ենք հաշվի առնել մի քանի պարզ իրողություններ, որ հայոց լեզվի պահպանման հարցում շահագրգիռ են հայ ժողովուրդը, ՀՀ-ն և սփյուռքի տարբեր կազմակերպություններ, և իրենցնէ հայոց լեզուն առաքելությունը:

Միակ հասցեատերն այս պարագայում հայ ժողովուրդն է և ՀՀ-ն, եթե նայենք ժողովրդագրական տեսակետից, ապա հայոց լեզուն վտանգված լեզուների շարքում է:

Ըստ Տեր-Աբրահամյանի՝ ընդհանրապես, երբ քննարկվում է ֆորմատը՝ հանե՞լ,  թե՞ թողնել հայոց լեզուն կամ հայոց պատմությունը, ինքնին դատարկ ֆորմատ է, որովհետև պետք է քննարկել բովանդակությունը. մենք՝ որպես պետություն, որպես հասարակություն ի՞նչ քաղաքականություն պիտի վարենք այս բնագավառում և ի՞նչ պետք է անենք: «Կարող է թվալ՝ հայագիտությունը անմիջական արդյունք տվող գիտություն չէ, ինչպես օրինակ՝ բնագիտությունը, բայց հայագիտությունը քաղաքական խնդիր է, այլ ոչ թե տեխնիկական կամ տնտեսական, դրանք քաղաքական բովանդակություն, նշանակություն ունեցող առարկաներ են Հայաստան պետության համար: «Մեզ թվում է՝ հայոց լեզուն ինքնին տրված իրողություն է և տվյալ դեպքում մենք չենք գիտակցում, որ գրական լեզուն մեզ վրա օդից իջած փաստ չէ, այն ձևավորվել է սերունդների քաղաքականության ջանքերով, ընդ որում՝ հնագույն ժամանակներից: Օրինակ՝ հնագույն շրջանում՝ 5-6րդ դարերում, մարդիկ ջանք են գործադրել, թարգմանական շարժում է եղել, հայերենով հատուկ տերմիններ են կառուցել, որովհետև նույնիսկ այդ ժամանակներում հասկանալի է եղել, որ հայոց լեզուն ոչ միայն ինքնության, այլ ինքնիշխանության խնդիր է, և գրական լեզուն միայն մշակութային հարց չէ, այլ նաև քաղաքական իշխանության փաստ: Եթե դու կարողանում ես կառուցել գրական լեզու, անգամ եթե դու պետությունից զուրկ ազգ ես, միևնույն է, մի օր դա գրավական է դառնալու, որ դու ունենաս քո քաղաքական անպարտությունը»,-ասաց նա:


Մանրամասները՝ տեսանյութում։