Կարծիք է ձևավորվել, որ մեր աջակիցների հետ կապված որոշում ընդունողը ես եմ, այդպես չէ. եթե իմ խոսքն ազդեցություն կունենա, թող չվիրավորեն ոչ մեկին. Լ. Քոչարյանը՝ Քլոյանի դիմումի մասին (տեսանյութ)

16:01 • 26.11.19

Այնպիսի կարծիք է ձևավորվել, որ աջակիցների հետ կապված որոշում ընդունողը կամ իրենց ասող-չասողը ես եմ, դա այդպես չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով Tert.am-ի դիտարկմանը, թե Սարգիս Քլոյանը Ռոբերտ Քոչարյանին է դիմել, որ նա որդուն հորդորի միջնորդել, որ իր աջակիցներն այլևս չվիրավորեն «Մարտի 1-ի» զոհերի հարազատներին, պատրաստվո՞ւմ է արդյոք միջնորդել:

Բացի այդ, Լևոն Քոչարյանի խոսքով՝ այսօր դատարան մտնելուց հենց «Մարտի 1-ի» զոհերի հարազատներն են իրեն վիրավորել: «Ես, իհարկե, չեմ էլ պատասխանում այդ վիրավորանքներին, այնպիսի բաներ են ասում, պատասխանելու էլ չէ»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ դատարանի դահլիճում էլ վանկարկումներ լինում են Քլոյանի հասցեին,  ի վերջո նա որդեկորույս հայր է, Լևոն Քոչարյանն ասաց. «Վանկարկումներ լինում են, բայց նայեք, թե նրանք ինչ վանկարկում ներ են անում: Օրինակ՝ վանկարկում են «մարդասպան», ինչո՞ւ են վանկարկում, եթե մեղադրանքում սպանությունների հետ կապված հարց չկա: Նույն Ձեր ասած պարոն Քլոյանը իր հարցազրույցներում ասել է՝ դուրս էինք եկել Երևանի փողոցներ, որ թուրքի լամուկների հախից գայինք: Ովքե՞ր են խոսում վիրավորելուց, այնպիսի մարդիկ են խոսում, որոնք տարիներ շարունակ հենց դրա հիմքում էին կանգնած: Բա եթե մենք խոսենք իրենց վիրավորելուց, թե ինչ ստեր են տարածում մեր մասին»,- ասաց նա:

Այդուհանդերձ Լևոն Քոչարյանը նշեց, որ ոչ մեկին պետք չէ վիրավորել, և որ ինքը դեմ է դրան: «Իհարկե, ոչ մեկին պետք չէ վիրավորել, հորդորում եմ այն մարդկանց, որոնք մեզ են աջակցում, եթե իմ խոսքն ազդեցություն կունենա, թող չվիրավորեն: Բայց դա ասում են մարդիկ, որոնք դրա հիմքում են, զավեշտը սրա մեջ է»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: