Որ երկրում էլ լինում եմ, այդպիսի բաներ դիտելու ժամանակ չունեմ. Հայկ Մարությանը՝ «Հուզանք ուԶանգ» ներկայացման մասին

18:22 • 26.11.19

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Հռիփսիմե Առաքելյանը այսօր ավագանու հերթական նիստից հետո հարց ու պատասխանի ժամանակ հարց ուղղեց քաղաքապետ Հայկ Մարությանին «Հուզանք ուԶանգ» ներկայացման վերաբերյալ:

«Դուք քաղաքում չէիք և ուզում եմ ասել, որ հետաքրքիր և օրիգինալ միջոցառում կազմակերպվեց մետրոյի հարակից տարածքում և որևէ կարծիք չեմ լսել Ձեզանից այդ մասին: Կնոջ մարմնի ազատագրումը այսպիսի ենթատեքստով, բայց վերնագրով «Հուզանք ուԶանք» միջոցառմանը մասնակցում էր հարգարժան գործընկերներից մեկը, ով  Ձեր քաղաքական բլոկի այս պահին դե ֆակտո պատասխանատուն և քաղաքական դեմքն է»,-ասաց նա:

Հայկ Մարությանը նշեց, որ մոտավորապես գիտի, թե ինչի մասին է խոսքը, սակայն չի տեսել ներկայացումը, ուստի գնահատականներ չի կարող տալ: «Մեր խմբակցության պատասխանատուն տիկին Խաչունցը չէ, այլ Սուրեն Էյրամջյանն է»,- ճշգրտեց քաղաքապետը՝ ավելացնելով, թե որ երկրում էլ լինում է, այդպիսի տեսանյութեր ժամանակ չունի նայելու:

Հռիփսիմե Առաքելյանը նշեց, որ կարծում է, թե լավ չէ, որ իր քաղաքական թիմի ներկայացուցչի գործունեությանը ծանոթ չէ, իսկ քաղաքապետը ահազանգեց. «Ես Ձեր գործունությանն էլ ծանոթ չեմ, ի՞նչ իմանամ ինչ եք անում ավագանու նիստերից հետո, նիստերին գիտեմ, նույնը մեր ֆրակցիաների անդամների մասին: Ես չեմ տեսել տեսանյութը և չեմ կարող գնահատել»,- հավելեց նա: