Արդարադատության նախարարի տեղակալները Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկել են քրեական արդարադատության ոլորտում էլեկտրոնային գործիքակազմերի ներդրմանն առնչվող և մի շարք այլ հարցեր

14:48 • 26.11.19

Արդարադատության նախարարի տեղակալներ Ռաֆիկ Գրիգորյանն ու Քրիստիննե Գրիգորյանը նոյեմբերի 25-ին ընդունել են Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Միգարա դե Սիլվայի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը ողջունել է գործընկերներին Արդարադատության նախարարությունում՝ ամփոփ ներկայացնելով քննարկման ենթական հարցերի ուղղությամբ Նախարարության կողմից իրականացվող գործընթացները: 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Դատաիրավական բարեփոխումների և Հակակոռուպցիոն ռազմավարությունների համատեքստում նախատեսված էլեկտրոնային մի շարք գործիքակազմերի ներդրման և արդիականացման հարցերի: Մասնավորապես՝ քննարկվել են էլեկտրոնային հայտարարագրման նոր համակարգի տեսլականին և դրա տեխնիկական առաջադրանքին առնչվող հարցերը: Փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը գործընկերներին տեղեկացրել է նաև, որ էլ. հայտարարագրման համակարգի արդիականացման գործընթացում Նախարարությունը սերտ համագործակցում է նաև Կոռուպցիայի կանխարգելման նորընտիր հանձնաժողովի հետ՝ մեկտեղելով ջանքերն այդ ուղղությամբ:

Անդրադառնալով էլեկտրոնային արդարադատության ոլորտում տարվող աշխատանքներին՝ նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը գործընկերներին ներկայացրել է սնանկության գործերով, ինչպես նաև քաղաքացիական դատավարության ոլորտում վճարման կարգադրությունների էլեկտրոնային ներկայացման և արձակման փորձնական ծրագրի ներդրման գործընթացը, որն իրականացվում է Բարձրագույն դատական խորհրդի հետ համատեղ:

Կողմերն անդրադարձել են նաև իրավական ակտերի էլեկտրոնային շտեմարանի արդիականացման գործընթացին, որի արդյունքում նախարարի առաջին տեղակալն ընդգծել է, որ կկանխարգելվի օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու զուգահեռ կրկնվող գործընթացները:  

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև քրեական արդարադատության ոլորտում էլեկտրոնային գործիքակազմերի ներդրմանն առնչվող մի շարք հարցեր: