Չինաստանում սատկած խոզին կապել են մեքենային և որպես նշանադրության նվեր տարել, ինչն իրարանցում է առաջացրել համացանցում (տեսանյութ, լուսանկարներ)
Չինաստանում տղամարդը սատկած խոզի մարմինը տարօրինակ դիրքով տեղադրել է ավտոմեքենայի ետնամասում և տարել որպես նշանադրության նվեր, ինչն օգտատերերի դժգոհությունն է առաջացրել, գրում է Daily Mail-ը։
Ավտոմեքենայի վարորդը սպանված կենդանուն տեղափոխելիս է եղել որդու հարսնացուի տուն որպես նշանադրության նվեր։ Սկզբում տղամարդը պլանավորել է խոզին տեղավորել ավտոմեքենայի սրահում, սակայն որդու հարսնացուի ընտանիքը պնդել է, որ այն ամրացվի ավտոմեքենայի ետնամասին, քանի որ այս դիրքում կենդանին «ավելի լավ տեսք կունենար»։
Տարօրինակ դիրքով խոզին տեղափոխող վարորդի մասնակցությամբ տեսանյութը երեկ թողարկել է Պեկինի հանրային անվտանգության բյուրոն՝ չինական Weibo սոցցանցի իր էջում։ Ոստիկանությունը կիսվել է տեսանյութով՝ վարորդներին հորդորելով չծանրաբեռնել իրենց ավտոմեքենաները տեսանյութի վարորդի պես։
Տեսանյութում երևում է ավտոմեքենայի ետնամասին կապված խոզի մարմինը՝ ետևի թաթերի միջև կապված կարմիր ժապավենով։ Ոստիկանությունը հայտարարել է, որ վարորդը խախտել է երթևեկության կանոնները՝ կենդանուն նման դիրքով տեղափոխելով։
Կայքի օգտատերերին զվարճացրել է տեղափոխվող խոզի դիրքը, և շատերը ժապավենը ներքնազգեստի են նմանեցրել։ Ուրիշներն էլ կատակել են, թե այս եղանակով վարորդը ցուցադրել է իր «հարստությունը»։
Օգտատերերից մեկը նշել է, որ չինական մշակույթին հատուկ է նման հարսանեկան նվերներ անելը։ «Սա որոշ տեղերում հարսնացուի համար վճարվող «տուրքն» է։ Փեսացուի ընտանիքը հարսնացուի ընտանիքին ամբողջական խոզ է ուղարկում՝ կարմիր ժապավեններով զարդարված»,- գրել է կայքի օգտատերը։











