Թրամփի կեցավայր ներխուժած չինուհուն դատապարտել են 8 ամսվա բանտարկության. նա պնդում է, որ ցանկանում էր ընդամենը հանդիպել նախագահին
33-ամյա Չժան Յուզցինը դատապարտվել է 8 ամսվա ազատազրկման՝ Ֆլորիդայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Մար ա Լագո» կեցավայր ներխուժման համար: Այս մասին տեղեկացնում է cbsnews.com կայքը:
Դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի մարտի 30-ին. կինը ներխուժել է ԱՄՆ նախագահի մասնավոր հսկվող կեցավայրի տարածք, երբ նախագահն իր ընտանիքով գտնվում էր այնտեղ: Որպես լրացուցիչ հանգամանք ընդդեմ մեղադրյալի եղել է այն, որ նա բազմիցս ստել է դաշնային ծառայության աշխատակցին՝ ասելով, թե իբր Թրամփն է իրեն հրավիրել այնտեղ:
Ձերբակալության պահին չինուհու մոտ հայտնաբերվել է մեծաքանակ տեխնիկա՝ 4 հեռախոս, համակարգիչ և կոշտ սկավառակ, նրա հյուրանոցի համարում էլ գտել են այլ սարքեր և կանխիկ գումար: Շշուկներ էին պտտվում, որ գտնվել է նաև վիրուսներով կրիչ, բայց այդ լուրը չի հաստատվել: Այս ամենից հետաքննությունը եկել է եզրակացության, որ ձերբակալվածը լրտես է, սակայն այս վարկածն ապացուցված չէ:
Հաշվի առնելով կալանքի տակ մնացած ժամանակահատվածը՝ Չժան Յուցզինին ազատ կարձակեն մոտ մեկ շաբաթից և կարտաքսեն Չինաստան, քանի որ նա համարվում է այդ երկրի քաղաքացի:
Չժանը Չինաստանում ունի 1,5 միլիոն դոլար արժողությամբ տուն: Իր խոսքով՝ նա եկել էր ԱՄՆ՝ մասնակցելու ամերիկա-չինական բարեկամությանը նվիրված միջոցառմանը: Նա միջոցառմանը մասնակցելու համար 20 000 դոլար է վճարել Չարլզ անունով տղամարդու, ում հետ շփվել է համացանցի միջոցով: ԱՄՆ նախագահի կամ նրա ընտանիքի հետ լուսանկարվելը մտնում էր այցի ծրագրի մեջ: Մարտի կեսերին Չարլզը գրել է չինուհուն, որ միջոցառումը չի կայանալու և փոխարենն առաջարկել է նրան այցելել այլ միջոցառման՝ Բիլ և Հիլարի Քլինթոնների կամ միլիարդատեր Ուորեն Բաֆետի մասնակցությամբ: Սակայն կինը հրաժարվել էր և փոխհատուցում պահանջել: Նա ամեն դեպքում մեկնել է Ֆլորիդա, որտեղ էլ փորձել էր հանդիպել Դոնալդ Թրամփի հետ:









