Մեր ավանդույթները և սովորույթները հին են, և մենք շարունակում ենք պահպանել դրանք․ Մուհամմադ ալ Զաաբի (տեսանյութ)
«Հարցազրույց դեսպանի հետ» հաղորդումն այս անգամ հյուրընկալվել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատանը:
Մինչև հարցազրույցն սկսելը դեսպան Մուհամմադ ալ Կատտամ ալ Զաաբին և առաջին քարտուղար Ահլամ ալ Սալամին ներկայացրել են դեսպանատան բակը և այնտեղ տնկած փոքրիկ Ղաֆ ծառը, որը մեծ նշանակություն ունի էմիրաթցիների համար։
Հարցազրույցի ժամանակ ԱՄԷ դեսպանը անդրադարձել է հայ-էմիրաթական հարաբերություններին, երկու երկրներ կատարված պաշտոնական փոխայցելություններին, նաև Հայաստանում ԱՄԷ դեսպանատան իրականացրած նախագծերին։
Դեսպան Մուհամմադ ալ Կատտամ ալ Զաաբին անդրադարձել է ԱՄԷ-ի պատմությանը, կարճ ժամանակահատվածում մեծ ձեռքբերումներին ու ժամանակակից տենդենցներին։ Նոր նախարարությունների մասին խոսելով՝ դեսպանը նշել է․«Վերջերս ստեղծված նախարարությունները ապագայի նախարարություններ են, որպեսզի տարածեն խաղաղությունն ու ապահովությունը աշխարհի տարբեր երկրներում»։
2019 թվականի խորհրդի՝ Հանդուրժողականության տարվա մասին խոսելով՝ դեսպանը նշել է, որ դա ուղերձ է մյուսներին՝ աշխարհում կայունություն և մրցակցություն ապահովելու համար։ Խոսելով կնոջ դերի մասին՝ դեսպանը նշել է, որ կնոջը ԱՄԷ-ում տրվել է հատուկ դեր մինչև Էմիրությունների ձևավորումը։ Կառավարման գործում նա դարձել է հասարակության հիմնական մասնակիցը դեռ այդ ժամանակներից։
Հարցազրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել Դուբայում սպասվող Էքսպո 2020-ին։ Այն կոնֆերանս-ցուցահանդես է, որին հյուրընկալվելու է 190 երկիր, այդ թվում նաև Հայաստանը։ Էքսպո 2020-ի կարգախոսն է «Միավորենք մտքերը և կառուցենք ապագան»։ Իսկ մինչև այդ՝ դեկտեմբերի 2-ին, ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատունը նշելու է ԱՄԷ-ի հիմնադրման 48-ամյակը, որի ժամանակ մեծ անակնկալներ են լինելու։
Դեսպանը խոսել է նաև ԱՄԷ-ում տարածված սպորտաձևերի, խոհանոցի մասին, անդրադարձել է տարբեր էմիրությունների նշանակությանն ու դերին, ընդգծել իրենց ավանդույթների կարևորությունը։
Մանրամասները՝ տեսանյութում:









