Ուկրաինայի նախագահն էստոնացի պաշտոնակցից հեծանիվ է նվեր ստացել

20:07 • 26.11.19

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեծանիվ է նվեր ստացել Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդից Տալլինում, ուր այցով ժամանել է երեքշաբթի: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նվերի լուսանկարն ուկրաինացի նախագահը հրապարակել է իր կայքում:

Նշվում է, որ հեծանիվի շրջանակի վրա առկա է «Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն» գրությունը: Հեծանիվով երթևեկում էր ուկրաինական «Ժողովրդի ծառա» երգիծական սերիալի գլխավոր հերոս Վասիլի Գոլոբորոդկոն, որին մարմնավորել է Զելենսկին:

Սերիալի հերոսն ուսուցիչ է, որը ճանաչված է դարձել համացանցում տեղադրված հոլովակի շնորհիվ, և որից հետո ընտրվել է Ուկրաինայի նախագահ: Սերիալը հեռարձակվել է 2015-2019 թվականներին:

Նախընտրական արշավի ժամանակ Զելենսկին օգտագործել է նույն պաստառը, որում պատկերված է եղել Գոլոբորոդկոյի կերպարում՝ հեծանիվին նստած: Նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Զելենսկին նշել էր, որ չի պատրաստվում հեծանիվով երթևեկել՝ անվտանգության նկատառումներից ելնելով: