Ավտոներկրողների ներկայացուցիչները հանդիպեցին ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի հետ (տեսանյութ)
Ավտոներկրողների ներկայացուցիչները հանդիպեցին ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի հետ։ Հիշեցնենք, որ այսօր ավտոներկրողները Պետական եկամուտների կոմիտեի դիմաց ակցիա էին իրականացնում՝ պահանջով՝ փոխել ոլորտի քաղաքականությունը:
Ակցիայի մասնակիցներին մոտեցավ ՊԵԿ մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը: Ավտոներկրողներն իրենց՝ մաքսատունը Գյումրիից տեղափոխելու, աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքի, բեռնափոխադրման և այլ հարցերի հետ կապված պահանջները գրավոր կերպով փոխանցեցին:
«Մաքսատունն արդյունավետ չի աշխատում, մեքենաները բեռնաթափող կազմակերպության աշխատանքի հետևանքով դրանք վնասվում են: Կարա՞ք հրապարկեք ձեռնարկության, ընկերության անունը, մեկ էլ, թե ո՞վ է դրա սեփականատերը, ի՞նչ տենդեր է եղել: Իմ ոչ պաշտոնական տվյալներով՝ հենց Գյումրու մաքսատան պետն է»,- խոսնակին դիմելով՝ ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Ակցիայի մասնակցի խոսքով՝ իշխանությունները զբաղվածության և գործարարության խթանման համար քայլեր չեն ձեռնարկում, այլ՝ ճիշտ հակառակը:
Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում։









