Դատական համակարգում կոռուպցիան չի վերանա, այն կգործի զգուշավոր կերպով, իսկ դատավորների վախերը միշտ եղել են, կան և կմնան. Պարգև Օհանյան (տեսանյութ)

21:15 • 27.11.19

Դատավորների նկատմամբ անուղղակի ճնշումներ միշտ էլ եղել են ու կլինեն, դատավորներն իրենք չպետք է ճնշումների ենթարկվեն, շատ բան կախված է նրանց անհատական որակներից: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել նախկին դատավոր, «Անկախ դատավոր» ՀԿ նախագահ Պարգև Օհանյանը. «Կան դատավորներ, որ գործն ստանում են, բացարկ են հայտնում, խուսափում են կամ հիվանդանում, որ շառից հեռու լինեն: Իսկ «արտոնյալ» դատավորները, որոնք ծառայություններ են մատուցել իշխանությանը, իրենց հանդուգն են համարում»:

Ըստ Օհանյանի՝ չկա դատավորների բացարձակ անկախություն, և նրանց վերահսկող կառույցներն իրականում ոչ թե գործադիր իշխանությունը կամ ԱԱԾ-ն են, այլ վերադաս ատյանները. «Այս փուլում արվող դատաիրավական փոփոխությունների, դատավորների բարեվարքության կանոնների ներդրման, նոր Դատական օրենսգրքի հետ անհամաձայնություններ ունեմ: Հեռանկարում Բարձրագույն դատական խորհուրդ չպետք է լինի, փոխարենը Վճռաբեկ դատարանը պետք է դառնա ամենահեղինակավոր ատյանը»:

Նախկին դատավորի կարծիքով՝ որոշակի հակասություն է առաջանում, երբ վարչապետը միջամտում է դատական իշխանության գործերին, թեև մյուս կողմից՝ նա իշխանության բոլոր երեք ճյուղերի պատասխանատուն է. «Մենք անելիք ունենք օրենսդրական դաշտում՝ պետք է սահմանադրական փոփոխությունների միջոցով դատախազությունն ու քննչական մարմինները բերել իրենց իրական տեղը: Այսօր դրանք գործադիր իշխանության մաս են, դրանց ղեկավարները մասնակցում են կառավարության նիստերին: Դրանք կախյալ մարմիններ են»:

Պարգև Օհանյանի պնդմամբ՝ դատավարությունների ժամանակ ավանդույթի ուժով մեղադրանքի կողմը շարունակում է իրեն ավելի բարձր համարել պաշտպանական կողմից. «Մենք լուրջ խնդիր ունենք, քանի որ դեռևս խորհրդային տարիներին նախնական քննությունը բաժանեցինք երկու մասի՝ հետաքննություն և նախաքննություն: Նախաքննության փուլն այսօր ավելորդություն է, այն կարելի է հանել: Հետաքննությունից հետո գործը պետք է մտնի դատարան: Ամիսներով, եթե ոչ տարիներով, նախաքննություն է ընթանում, վկաները շատ բան մոռանում են: Այս երկար տևող գործընթացները միայն վնասում են քննությանը: Հետաքննությունն առնվազն պետք է գործի ներկայումս նախաքննությանը տրված լիազորությունների շրջանակում»:

Նախկին դատավորի կարծիքով՝ մեր դատավորների կարգավիճակը, փառքը, բարձր աշխատավարձերը ոչ մի դեպքում չեն դրդի նրանց դիմում գրել և լքել համակարգը: «Դատական համակարգում կոռուպցիան չի վերանա, այն կգործի զգուշավոր կերպով: Ավելին, այդչափ ծանրաբեռնված դատավորներն իրենք իրենց կպարգևատրեն: Իսկ դատավորների վախերը միշտ եղել են, կան և կմնան: Որոշ դատավորներ դա վաստակել են և արժանի են դրան»,- ամփոփել է Պարգև Օհանյանը:


Դավիթ Սարգսյան