Ապարանի ոստիկանները բացահայտել են ավազակային հարձակում (տեսանյութ)
Նոյեմբերի լույս 19-ի գիշերը ոստիկանության Ապարանի բաժնում ավազակության վերաբերյալ հաղորդում է ստացվել. երեք հոգի մահակներով մտել էին Արագած գյուղի տներից մեկը, կապկպել 64-ամյա տանտիրուհուն, պահանջել ու վերցրել փող, ոսկեղեն, բանկային քարտեր և փախել։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ավազակության հատկանիշներով։ Ապարանի քրեական հետախույզներն իրականացրել են օպերատիվ միջոցառումներ՝ համագործակցելով ԿՀԴՊ գլխավոր վարչության, Արագածոտնի մարզային վարչության, Աշտարակի և Մաշտոցի բաժինների գործընկերների հետ։ Ծավալուն միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, իսկ նոյեմբերի 26-ին ոստիկանության Ապարանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ստացվել են հանցագործությունը կատարած անձանց ինքնության վերաբերյալ տեղեկություններ։ Ժամեր անց Ապարանի, Աշտարակի և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները հայտնաբերել են կասկածյալներին։
Երևանի Նորաշեն թաղամասից ոստիկանության Աշտարակի բաժին բերման է ենթարկվել մայրաքաղաքի բնակիչ, 39-ամյա մի տղամարդ։ Աշտարակում հայտնաբերվել ու բերման է ենթարկվել Աշտարակի բնակիչ, 30-ամյա մի տղամարդ։ Արագած գյուղում էլ, որտեղ տեղի էր ունեցել դեպքը, հայտնաբերվել է երրորդ կասկածյալը։ Նա ևս բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին։
Նրանք ոստիկանությունից հետո ներկայացվել են դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։









