Պուտինը ցավակցություն է հայտնել հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել լեգենդար հայ հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ: Այս մասին չորեքշաբթի հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ria.ru-ն:
Գոհար Վարդանյանը կյանքից հեռացել է երկուշաբթի՝ 93 տարեկանում:
«Պուտինն իր ցավակցությունն է հայտնել մեր հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանի հարազատներին և ընկերներին: Առանց Գոհար Վարդանյանի և նրա ամուսնու՝ Գևորգի, մեր աշխարհի պատմությունը կարող էր այլ կերպ ընթանալ»,- լրագրողներին հայտնել է Պեսկովը:
Նա նշել է, որ Գոհար և Գևորդ Վարդանյանները մեծ հետք են թողել մարդկության պատմության վրա:
«Պուտինը քաջ ծանոթ էր Գոհարին և նրա ամուսնուն: Ամուսնու մահից հետո Գոհարն այցելել էր Պուտինին: Պուտինը նույնպես այցելել է նրան»,- եզրափակել է պետության ղեկավարի խոսնակը:
Գոհար Վարդանյանը ծնվել է 1926 թվականին Լենինականում։ 1930 թվականին նա ընտանիքով տեղափոխվել է Իրան: 16 տարեկան հասակում անդամագրվել է իր ապագա ամուսին և զինակից Գևորգ Վարդանյանի լրտեսական խմբին, որի հետ միասին կատարել է բազմաթիվ հետախուզական աշխատանքներ: 1943 թվականի նոյեմբերի 30-ին այդ խմբավորմանը հաջողվել է կանխել Թեհրանում կայանալիք կոնֆերանսի ժամանակ Եռյակ դաշինքի ղեկավարների՝ Իոսիֆ Ստալինի, Ֆրանկլին Դ. Ռուզվելտի և Ուինսթոն Չերչիլի դեմ գերմանական հատուկ ծառայությունների մահափորձը:

![]()










