Ռեկտորի ԺՊ-ի պահվածքը նշանակում է, որ նա պաշտպանում է ոչ թե ուսանողի, այլ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի շահերը. ԵՊՀ ուսանող (տեսանյութ)
Մեզ դուր չի եկել ռեկտորի պաշտոնակատարի երեկվա պահվածքը: Այս մասին այսօր ասաց ԵՊՀ ուսանողներից մեկը: Երեկ մենք Բանասիրության ֆակուլտետում երկուսուկես ժամ սպասում էինք ռեկտորին, պետք է լիներ գիտխորհրդի նիստ, որին նա ևս պիտի ներկայանար: Այս մասին ասաց ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի աշխատասենյակի դիմաց նստացույց անող ուսանողներից մեկը:
«Եկավ, մենք մոտեցանք, որպեսզի խոսենք նրա հետ, և պատասխանը հենց նրանից ստանանք: Բացի այն, որ ռեկտորը չկանգնեց մեզ հետ խոսելու համար, չցանկացավ մեր հարցերին պատասխանել, միաժամանակ արհամարհեց մեզ՝ ինձ, ընկերներիս մեջքով կանգնելով, խոսելով»,- ասաց ուսանողներից մեկը:
Նրա խոսքով՝ ռեկտորի պաշտոնակատարի այդ պահվածքը նշանակում է, որ նա պաշտպանում է ոչ թե ուսանողի, այլ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի շահերը: Նա նշեց, որ իրենց նամակի պատասխանը ուշացրել են և չեն հայտնել, որ նամակի պատասխանն առկա է, ռեկտորը պատճառաբանել է՝ ասելով, որ հետադարձ հասցե չեն նշել: «Բոլորը գիտեն՝ մենք այս համալսարանի ուսանող ենք, բա՞րդ էր մեզ հետ կապ հաստատելը և ասելը, որ նամակի պատասխանը կա»,- ասաց նա:
«Նա պետք է մեզ ընդունի և մի շարք հարցերի պատասխանի, որովհետև իր նամակում պատասխանները բավականին լղոզված էին, չեն բավարարում մեզ: Նամակում նաև պահանջել էինք գիտխորհրդի արձագանքը, ըստ էության՝ նա իրավունք է վերապահել գիտխորհուրդի փոխարեն պատասխանել, որը ևս չենք ընդունում»,- ասաց նա և հավելեց, որ մինչև աշխատանքային օրվա վերջ նրանք պատրաստվում են մնալ ընդունարանի դիմաց:
Ուսանողը ներկայացրեց, որ նամակով փորձել են ճշտել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի կարծիքը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի՝ դասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ դրսևորած պահվածքի վերաբերյալ: Նաև նշեց, որ խնդրել են գիտխորհրդի արտահերթ նիստ հրավիրել և ներկայացնել ԵՊՀ գիտխորհրդի պաշտոնական տեսակետը բարձրագույն կրթության օրենքի նախագծի վերաբերյալ: Նա նշեց, որ այսօր Գևորգյանին հղելու այլ հարցեր ևս ունեն:
Հիշեցնենք, որ ԵՊՀ ուսանողները 3 շաբաթ շարունակ դասադուլ և իրազեկման ակցիաներ էին իրականացնում, որից հետո հայտարարեցին՝ ստեղծում են նախաձեռնություն, որն անվանեցին «Հանուն ազգային կրթության»։ Նախաձեռնության անդամներն օրեր առաջ նամակ-դիմում էին ուղարկել ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ին և գիտական խորհրդի անդամներին։









