Ուսանողների նկատմամբ որոշակի ճնշումներ են եղել. ես շարունակում եմ դա պնդել, ուսանողն իրավունք ունի դասադուլ հայտարարել. ԵՊՀ աշխատակիցը՝ ակցիայի մասին (տեսանյութ)
ԵՊՀ անվտանգության աշխատակիցը մեզ խնդրեց ընդունարանում նստացույց չանել, որպեսզի աշխատանքային պրոցեսին չխանգարենք: Իհարկե, խոստացել էինք չխանգարել, բայց հիմա փորձում ենք այլ տարբերակ գտնել նրանց հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ աշխատակիցներից մեկը: Նրանք նստացույց են անում ռեկտորի ԺՊ-ի հետ հանդիպելու նպատակով:
«Որպեսզի այստեղ ավելորդ լարվածություն և բախում չլինի, մենք խնդրեցինք, որ մեր պահանջները փոխանցեն ռեկտորին: Բնականաբար լուսաբանվող հանդիպում ենք պահանջում, որ ուղիղ եթերով հեռարձակվի»,- ասաց ուսանողը և հավելեց, որ անվտանգության աշխատակիցն արդեն մտել է ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանի մոտ, իր կարծիքով՝ առաջիկա 5-6 րոպեում պատասխան կստանան:
Անդրադառնալով հարցին առ այն, որ դասադուլի շրջանակներում բացակաները նշանակվում են՝ ԵՊՀ աշխատակիցը պատասխանեց, որ այդ հարցով դիմել են Ուսանողական խորհրդի ներկայացուցիչներին, և հիմա էլ պատրաստվում են այդ մասին ռեկտորի ԺՊ-ին իրազեկել:
«Ուսանողների նկատմամբ որոշակի ճնշումներ են եղել. ես շարունակում եմ դա պնդել: Ճնշումները եղել են բացակաները նշանակելու տեսքով, դասախոսներին խնդրելու կամ համոզելու տեսքով, որ ուսանողներին ասեն, որ դասի չնստելու համար, իբր նրանց աշխատավարձից են պահում»,- ասաց նա:
Ամփոփելով խոսքը՝ աշխատակիցը նշեց, որ ուսանողներն իրավունք ունեն դասադուլ անելու: «Ուսանողը դասադուլ է հայտարարել, ամբողջ կուրսը մեկ շաբաթ դասի չի գնացել և բացակա ստացել: Կարծում եմ՝ դա նորմալ և իրավաչափ չէ»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ ԵՊՀ ուսանողները 3 շաբաթ շարունակ դասադուլ և իրազեկման ակցիաներ էին իրականացնում, որից հետո հայտարարեցին՝ ստեղծում են նախաձեռնություն, որն անվանեցին «Հանուն ազգային կրթության»։ Նախաձեռնության անդամներն օրեր առաջ նամակ-դիմում էին ուղարկել ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ին և գիտական խորհրդի անդամներին։









