Բուհում չի կարելի որևէ առարկա օրենքի ուժով պարտադրել որևէ մեկին. ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն` հայագիտական առարկաների դասավանդումը ոչ պարտադիր դարձնելու մասին (տեսանյութ)

13:23 • 27.11.19

ԵՊՀ դասադուլ իրականացնող ուսանողները, դիմելով ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին, ասացին, թե իրենց չի բավարարել ռեկտորի ԺՊ-ի նամակը` «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Հայոց գրականություն» առարկաների դասավանդումը բուհերում ոչ պարտադիր դարձնելու վերաբերյալ:

«Այսինքն` դուք ուզում եք այնքան հանդիպել, մինչև կստանաք ձեզ հետաքրքրող պատասխա՞նը. այդպես չի լինի»,-արձագանքեց Գևորգյանը` նշելով, թե նամակում հստակ գրված է այն ամենը, ինչ որ պետք է գրվեր:

«Գիտխորհրդի արտահերթ նիստ հրավիրելու ձևաչափ կա` երբ և որ դեպքում կարելի է հրավիրել: Խնդրում եմ` կարդացեք համալսարանի կանոնադրությունը և շարժվեք դրանով»,-ասաց Գևորգյանը` նշելով, թե Գիտխորհրդում որոշվել է առարկաների վերաբերյալ քննարկումը ազատ թողել` հնարավորություն տալով բոլոր կողմերին ներկայացնել իրենց առաջարկներն ու դիտարկումները:

«Դասադուլը կամ գործադուլը պետք է ուղղված լինեին ձեր աշխատանքային կամ ուսման պայմանների բարելավմանը կամ ինչ-որ բաներից դժգոհելուն: Ձեր պահանջը դա չէ, ձեր պահանջը քաղաքական է, ուղղված է Ազգային ժողովին, ուզում եք օրենքում ինչ-որ բան ամրագրել»,-ասաց ռեկտորի ԺՊ-ն:

Ուսանողներից մեկը, դիմելով Գևորգյանին, ասաց, թե իրենց ակցիան քաղաքական չէ: «Ակցիան ուղղված չէ ոչ Ձեր անձի, ոչ ուրիշ մեկի դեմ, ոչ էլ, նույնիսկ, Արայիկ Հարությունյանի դեմ կամ ԱԺ ինչ-որ ֆրակցիայի: Ակցիան նպատակ է հետապնդում թեման համալսարանում քննարկման առարկա դարձնել, մենք խնդրում ենք համալսարանի Գիտական խորհրդին` անցկացնել արտահերթ նիստ»,-ասաց ուսանողը:

«Ես երբ ասում եմ` ձեր խնդիրն ԱԺ-ում է, նկատի ունեմ, որ օրենք ընդունում կամ չի ընդունում ԱԺ-ն: Համալսարանում օրենքի աշխատանքային տարբերակի քննարկում եղել է: Առարկաների պարտադիր կամ ոչ պարտադիր լինելու վերաբերյալ քննարկում չի եղել, որոշվել է լսել բոլոր կողմերին»,-արձագանքեց Գեղամ Գևորգյանն ու նշեց նաև, թե որպես ղեկավար` իրավունք ունի հրավիրել կամ չհրավիրել Գիտխորհրդի արտահերթ նիստ` ելնելով նպատակահարմարությունից:

Հարցին, թե ռեկտորը հստակ ինչ դիրքորոշում ունի նշված առարկաների` բուհերում դասավանդելը ոչ պարտադիր դարձնելու վերաբերյալ, Գևորգյանը նշեց, թե դրա վերաբերյալ կարծիքն ասել է առաջին իսկ օրվանից:

«Բուհում չի կարելի որևէ առարկա, կապ չունի` ինչ առարկա, օրենքի ուժով պարտադրել որևէ մեկին: Երբ օրենքի ուժով ինչ-որ բան պարտադրում ես, այդտեղ արդեն դառնում է թմրած վիճակ: Չփորձենք մարդկանց համոզել, որ այս առարկան իրենց պետք է»,-ասաց նա` նշելով նաև, թե իր կարծիքով` առարկաների ոչ պարտադիր լինելու դեպքում էլ ԵՊՀ-ում դրանք կդասավանդվեն ֆակուլտետների մեծամասնությունում: