Յամալում տղամարդը շանը մեքենային կապած «զբոսնելու է տարել». տեսանյութն առաջացրել է կենդանասերների զայրույթը (տեսանյութ)

15:43 • 27.11.19

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում Ռուսաստանի Նոյաբրսկ քաղաքում տղամարդը շանը կապում է մեքենային և այդպես «ման տալիս»: Ոստիկանությունն այժմ ստուգումներ է իրականացնում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Նոյաբրսկ 24» հեռուստաալիքն իր կայքում հրապարակել է ավտոմոբիլային տեսագրիչ սարքի տեսագրությունը, որը ֆիքսել է շան ոչ սովորական զբոսանքը: Տղամարդը կենդանուն կապել է մեքենային, նստել է ղեկին և բակում վարել մեքենան: Վարորդը կանգ է առել միայն այն ժամանակ, երբ պարանը շան հետ միասին գրեթե անիվի տակ է ընկնելիս եղել: Հասկանալով այդ` տղամարդն արձակել է պարանը և փորձել է հարվածել շանը:

Ինչպես նշել են ՆԳՆ տարածքային բաժնում, ոստիկանությունը երկուշաբթի տեղի բնակիչներից այս տեսանյութի մասին տեղեկություն է ստացել:

«Փաստերն արձանագրվել են, այժմ ստուգումներ են իրականացվում: Արդյունքների հիման վրա կկայացվի որոշում»,- ասել են մամուլի ծառայությունից:

Գործակալության զրուցակիցը նշել է, որ ոստիկանությանը հաջողվել է հայտնաբերել տեսանյութի տղամարդուն, որի հետ այժմ զրույցներ են տարվում: Հայտնի է, որ նա է շան տերը:

Կենդանիների պաշտպանները ԶԼՄ-ների միջոցով առաջարկել են շան համար նոր տեր գտնել: