Միայն այն, որ թափանցիկություն չկա, հիմք է կասկածելու համար, որ կոռուպցիոն ռիսկեր կան. Է. Մարուքյանը` քաղաքապետարանի՝ նվեր ստացած 20 բեռնատարների մասին

19:52 • 27.11.19

Հենց միայն այն հանգամանքը, որ թափանցիկություն չկա, այսինքն` գաղտնի է պահվել մինչ ավագանու անդամների բացահայտելը և չի ներկայացվում, թե որ ընկերություններն են նվիրաբերողները, արդեն հիմք է կասկածելու, որ հստակ կոռուպցիոն ռիսկեր կան: Այս մասին Azatutyun.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով աղբահանություն իրականացնող 20 բեռնատար մեքենաներ քաղաքապետարանին նվիրվելուն:

«Կան խոսակցություններ և մենք հետևողական ենք լինելու և պարզելու ենք, որ տարբեր շինթույլտվությունների դիմաց առաջարկվում է գնել և նվիրել աղբահանության մեքենաներ կամ տվյալ շինարարությունից որոշակի տարածք տրամադրել քաղաքապետարանին: Թե ինչ նպատակով և ինչ հետևանքներով, սա պետք է հասկանալ: Ակնհայտ է, որ ինչ-որ մարդիկ, երևի մտածում են, որ ժամանակին նույն գումարի չափով կաշառք է վերցվել, հիմա էլ մենք ասենք` թող տան քաղաքին»,-ասաց նա:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ դա այնքան էլ ողջամիտ չէ, քանի որ դա կխաթարի ներդրումային միջավայրը: «Կոռուպցիան միայն այն չէ, որ մարդ ինչ-որ բան է վերցնում և տանում է իրենց տուն, այլև այն է, որ այդ լիազորությունները չարաշահվում են և դա ներկայացվում է որպես քաղաքի ձեռքբերում: Եթե այդքան թափանցիկ, արդար ճիշտ գործընթաց է, ինչո՞ւ է մինչև հիմա գաղտնի պահվել և լեգիտիմ այդ հարցի պատասխանը այս պահին չկա»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի այն հայտարարությանը, թե գործարար Սամվել Ալեքսանյանը նվիրատվություն չի արել, սակայն եթե նվիրի ուրախ կլինեն, Էդմոն Մարուքյանն ասաց, որ ցանկացած բան, որ նվիրում են ավագանու որոշմամբ պետք է ընդունել և կարևորը թափանցիկությունն ապահովվի:

«Իսկ այն, թե Սամվել Ալեքսանյանը նվիրի, թե մեկ այլ գործարար նվիրի, ինձ համար տարբերություն չկա: Պետք է հասկանալ, թե Սամվել Ալեքսանյանը ցանկանո՞ւմ է նվիրել, թե ոչ և եթե ուզում է, ապա ինչ նպատակով, այսինքն՝ կարող է կամավոր չի նվիրում: Մենք փաստեր ունե՞նք, որ կամավոր նվիրում են: Զուտ այն հանգամանքը, որ նրանք խուսափել են հրապարակայնացնել և հիմա էլ որոշակիորեն չեն հրապարակայանցնելու, դա մեզ համար հիմք է տալիս կասկածելու, որ այդտեղ կա ինչ-որ անմաքուր բան կա»,-ասաց նա:

Պատգամավորը նաև հարց բարձրացրեց, որ հնարավոր է՝ քսան մեքենա չի նվիրել, այլ 30, սակայն քաղաքապետարան մուտքագրվել է 20-ը: «Կարող է մնացածները Մանվել Գրիգորյանի պես տարել եք ձեր ավտոտնակում կանգնեցրել եք»,-հավելեց նա: