Հաստատվել է Եվրոպական հանձնաժողովի նոր կազմը

17:19 • 27.11.19

Եվրոպական խորհրդարանն այսօր՝ նոյեմբերի 27-ին կայացած քվեարկության արդյունքում հաստատել է Եվրոպական հանձնաժողովի նոր կազմը՝ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է Եվրոպական խորհրդարանի կայքը:

Եվրոպական հանձնաժողովի նոր կազմին կողմ է քվեարկել 461 պատգամավոր, դեմ՝ 157-ը, իսկ ձեռնպահ՝ 89-ը: Պորտֆելները կբաժանվեն 3 փոխնախագահների, 5 տեղակալների և 18 հանձնակատարների միջև: Նոր կազմն իր պարտականությունների կատարմանը կանցնի դեկտեմբերի 1-ին՝ 5 տարի ժամկետով:

Նշվում է, որ հանձնաժողովի նոր կազմը ռեկորդ է սահմանել կազմի անդամ կանանց թվով, իսկ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կլինի հանձնաժողովի առաջին կին նախագահը:

Իր խոսքում Լյայենը հաստատել է ստանձնած պարտավորությունները՝ նշելով, որ ամեն ինչ կանի Եվրոպական միությունը մի շարք ոլորտներում առաջատար դարձնելու համար: Այդ ոլորտներից նա նշել է ժողովրդավարության, եվրոպական արժեքների, քաղաքացիների իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանությունը:

Եվրոպական հանձնաժողովի ներկայիս նախագահ Ժան-Կլոդ Յունկերը կլքի իր պաշտոնը մինչև ամսվա վերջ: Ֆոն դեր Լյայենը հանձնաժողովի նախագահի պաշտոնում հաստատվել է դեռևս հուլիսին կայացած քվեարկության ժամանակ: Նշանակումից հետո նա կոչ է արել պահպանել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ, մեղադրել է Ռուսաստանին Եվրոպան կիսելու փորձերի համար և հայտարարել է, որ չի ճանաշում Ղրիմը Ռուսաստանի կազմում: