Մեծ Բրիտանիայում բեռնատարում մահացած հայտնաբերված 39 վիետնամցիներից 16-ի մարմիններն ուղարկվել են հայրենիք
Մեծ Բրիտանիայում հոկտեմբերին բեռնատարում մահացած հայտնաբերված 39 վիետնամցիներից 16-ի մարմիններն ուղարկվել են հայրենիք: Այս մասին հայտնել է վիետնամական VnExpress պարբերականը:
Նշվում է, որ մարմիններն ուղարկվել են ինքնաթիռով, որը Հանոյ քաղաքի Նոյբայ միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել տեղական ժամանակով առավոտյան 5-ին: Նշվում է նաև, որ մնացյալ դիերը Վիետնամ կտեղափոխվեն ավելի ուշ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ անգլիական Էսսեքս կոմսության Գրեյս քաղաքի արդյունաբերական պարկի տարածքում գտնվող բեռնատարում 39 մահացած մարդ է հայտնաբերվել: Բեռնատարի 25-ամյա վարորդը, որը ծնունդով Հյուսիսային Իռլանդիայից է, ձերբակալվել էր սպանության կասկածանքով: Քննիչների տվյալների համաձայն՝ բեռնատարն Անգլիա էր ժամանել Բելգիայից:
Էսսեքս կոմսության ոստիկանությունը հայտնել էր, որ 39 վիետնամցիների մահվան գործի հետաքննության շրջանակում բրիտանական ոստիկանությունն այս երկուշաբթի ձերբակալել է ևս մի տղամարդու, որը կասկածվում է չկանխամտածված սպանության համար:









