«Երաշխիք չկա, որ այն վարակիչ չէ». Կուրգանում քահանան հրաժարվել է մկրտել երեխային մեծ խալի պատճառով
Ռուսաստանի Դաշնության Կուրգանի մարզի Կուրգան քաղաքում քահանան հրաժարվել է մկրտել երեխային բնածին մեծ խալի պատճառով, գրում է РИА Новости-ն։
Կուրգանի բնակչուհի Մարիա Խվոստանցևան հայտնել է, որ դուստրը՝ Վիկտորիան, ծնվել է նևուսով, որը ծածկում է նրա մարմնի 80 տոկոսը։ Այս առանձնահատկության պատճառով քահանան հրաժարվել է մկրտել երեխային այլ երեխաների հետ՝ պատճառաբանելով, որ այն կարող էր վարակիչ լինել և մյուս երեխաների ծնողները չեն հասկանա։
Խվոստանցևային անհատական ծիսակատարություն են առաջարկել, սակայն պարզվել է, որ դրա համար պետք է 4 հազար ռուբլի վճարել։
Կինը հրաժարվել է նշել՝ որ եկեղեցում է տեղի ունեցել միջադեպը։ Կուրգանի թեմի առաջնորդի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ մկրտությունից հրաժարվելն անթույլատրելի է, և եթե պարզվի, թե որտեղ է դեպքը տեղի ունեցել, ապա ստուգումներ կիրականացվեն և կարգապահական միջոցներ կձեռնարկվեն։









