Կանադան դատապարտել է Իրանում ցուցարարների նկատմամբ ուժայինների կողմից բիրտ ուժի կիրառումը
Կանադան մտահոգված է Իրանում տիրող իրավիճակով և դատապարտում է ցուցարարների նկատմամբ իրանական իշխանությունների գործողությունները: Այս մասին ասվում է Կանադայի ԱԳՆ հայտարարությունում, հայտնում է ТАСС-ը:
«Կանադան խորապես անհանգստացած է իրանական անվտանգության ուժերի կողմից ցուցարարների նկատմամբ բիրտ ուժի կիրառմամբ, ինչը զանգվածային ձերբակալումների և ցուցարարների մահվան է հանգեցրել»,- հայտնել են ԱԳՆ-ից,-«Մենք դատապարտում ենք իրանական պաշտոնական դեմքերի կողմից հնչող սպառնալիքները և անտվանգության ծառայությունների կողմից չափազանց մեծ ուժի դիտավորյալ կիռառումը, ինչպես նաև իշխանություններին զսպվածության կոչ ենք անում»:
Պաշտոնական Օտտավան Թեհրանին կոչ է արել երկրում վերականգնել համացանցի և բջջային կապի հասանելիությունը: Բացի դա, Կանադայի արտգործնախարարությունը նաև հայտնել է իր աջակցությունը իրանական ժողովրդին, որը «հավաքի ազատության և կարծիք արտահայտելու իրավունք ունի»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանում բողոքի ցույցերն ընթանում են բենզինի գնի թանկացման դեմ: ԱՄՆ-ն հայտարարել էր, որ աջակցում է խաղաղ բողոքի ցույցեր անցկացնող իրանցի ժողովրդին և դատապարտում է ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը:
Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Աբբաս Մուսավին նշել էր, որ ԱՄՆ-ի հայտարարությունը համարում է երկրի ներքին գործերին միջամտելու փորձ: Մինչ այդ էլ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դատապարտում է երկրում ցույցերի պատճառով Թեհրանի կողմից համացանցի անջատումը և աջակցություն էր հայտնել Իրանի «բազմաչարչար ժողովրդին»:









