Համահարթեցվել է Ադրբեջանում տիրող հայատյացությունը և Հայաստանում ադրբեջանցիների նկատմամբ վերաբերմունքը. փորձագետ
Հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայց կազմակերպելու նախաձեռնությունը շատ ողջունելի է, սակայն կան մի շարք խնդրահարույց հարցեր`հիմնական կազմակերպչական բնույթի, որոնք ազդում են այցի բովանդակության վրա ևս: Խոսքն այցը գաղտնի կազմակերպելու, ինչպես Ադրբեջան այցելող լրատվամիջոցների և լրագրողների, այնպես էլ այստեղ ադրբեջանցի լրագրողների հետ հանդիպումներին մասնակիցների ընտրության չափանիշների, Հայաստանում ադրբեջանցի լրագրողների այցի ծրագրի` մասնավորապես ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն այցելության մասին է: Այս մասին Terta.am-ի հետ զրույցում նշեց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Հասմիկ Վարդանյանը:
«Հայաստանը մշտապես դրականորեն տարբերվել է Ադրբեջանից իր ժողովրդավարության մակարդակով, իսկ իշխանափոխությունից հետո մշտապես հայտարարվում է հասարակության հետ իշխանությունների թափանցիկ աշխատանքի մասին: Նման պայմաններում անհասկանալի է այցի միասին տեղեկությունը մինչև վերջ գաղտնի պահելը և դրա մասին միայն պոստֆակտում հայտարարելը», - նշում է Վարդանյանը:
Փորձագետի կարծիքով` եթե դա նույնիսկ արվել է անվտանգային նկատառումներից ելնելով, ապա մենք ակամայից համահարթեցնում ենք Ադրբեջանում տիրող հայատյացությունը, որը տասնամյակներով քարոզվող պետական քաղաքականություն է, Հայաստանում ադրբեջանցիների նկատմամբ վերաբերմունքի հետ:
«Վարչապետն արտերկրում իր վերջին ելույթների ժամանակ հանգամանալից անդրադառնում է Ադրբեջանի կողմից վարվող հայաֆոբ քաղաքականությանը` ներկայացնելով օրինակներ: Միևնույն ժամանակ Հայաստանում ադրբեջանցի լրագրողների անվտանգության ապահովումը դրվում է նույն հարթության վրա, ինչ Ադրբեջանում` հայ լրագրողներինը», - նշում է Հասմիկ Վարդանյանը` ընդգծելով, որ մեր այս «կառուցողականությունը» որևէ կերպ չի բխում մեր շահերից:
Միևնույն ժամանակ, ըստ փորձագետի, այցի գաղտնիությունն արդեն իսկ խոսում է վերջինիս բովանդակության հետ կապված խնդիրների մասին: «Գաղտնիության պայմաններում հասարակությունների միջև վստահության կառուցումը, համաձայնենք` չի կարող արդյունավետ լինել», - նշում է Վարդանյանը:
Որպես այցի արդյունավետության նախապայման Վարդանյանն առանձնացնում է նաև իշխանությունների մոտ համապատասխան կամքի առկայությունը: «Սակայն ինչպես ցույց տվեց Ադրբեջանի նախագահի` լրագրողների այցին հաջորդած հայտարարությունները հայտարարություններն` այդ թվում նախօրեին հայերին ֆաշիստ անվանելը, նման կամք Ադրբեջանում չկա: Ավելին, խոսելով այցից իրենց «տպավորությունների» մասին, ադրբեջանցի լրագրողները շարունակում են սպասարկել Հայաստանի մասին ադրբեջանական քարոզչության տարիներով ստեղծած միֆերը», - նշում է Հասմիկ Վարդանյանը:
Փորձագետի կարծիքով, սակայն չի կարելի ասել, որ նման այցերը կարևոր չեն: «Սակայն հայտարարված նպատակին` հասարակությունների միջև փոխվստահության հաստատմանը ծառայելու համար դրանք չպետք է լինեն քաղաքականացված, չպետք է պրոպագանդեն հակամարտության տարրեր, այլ հակառակը` պետք է նպաստեն միմյանց մոտ թշնամու կերպարը, միմյանց մասին միֆերը կոտրելուն: Սրա համար անհրաժեշտ է շատ լուրջ և մանրամասն բովանդակային և կազմակերպչական աշխատանք, հակառակ դեպքում նման միջոցառումները զուտ ձևական բնույթ են ստանում», - եզրափակում է փորձագետը:









