Ինչո՞ւ հայագիտական առարկաները ոչ պարտադիր դարձնելու նախագծին վերաբերող հարցերը չեն քննարկվում գիտխորհրդում, եթե ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն մեզ չընդունի, չլսի, շարունակելու ենք մեր ակցիան. ԵՊՀ ուսանողներ
Ուզում ենք հասկանալ՝ ինչու չի անցկացվում Գիտական խորհրդի արտահերթ նիստը: Այս մասին ասաց ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի աշխատասենյակի դիմաց նստացույց անող ԵՊՀ ուսանողներից մեկը:
Նա նշեց, որ ռեկտորի ԺՊ-ի սենյակի առաջ են ակցիա անում, որ կարողանան նրա հետ հանդիպել և հարցեր ուղղել: «Նախապես ասեմ, որ ակցիան լուռ ակցիա է, որ դասապրոցեսն ու աշխատանքային պրոցեսը չխանգարվեն: Մենք քաջ գիտակցում ենք համալսարանում ակադեմիական միջավայրի պահպանման կարևորությունը, այդ պատճառով որևէ գործողություն չի լինելու, որը կխանգարի բնականոն գործունեությանը»,- ասաց ուսանողներից մեկը:
Նա նշեց, որ ռեկտորից հանդիպում և պարզաբանում են ակնկալում, թե ինչու «Հայոց լեզվի», «Հայ գրականության», «Հայոց պատմությանը» վերաբերվող հարցերը չեն քննարկվում գիտական խորհրդում: Նա նաև հիշեցրեց, որ իրենց նամակի պատասխանը ստացել են, որում նշված կետերը, ըստ նրա, խիստ դեկլարատիվ էին, շատ ասելիք չունեցող:
«Եթե չընդունի, չլսի, շարունակելու ենք մեր ակցիան այստեղ, հետագա գործողությունների մասին արդեն ընթացիկ կասենք»,- ամփոփեց նա:
Հիշեցնենք, որ ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում ԿԳՄՍ նախարարի հրաժարականի համար: ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջի պատճառը մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2 700 000 դրամ, ինչպես նաև ԿԳՄՍՆ նոր օրինագիծը, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր:
Հիշեցնենք նաև, որ նախազգուշական գործադուլ էին սկսել նաև ԵՊՀ դասախոսներից շատերը։ Նրանք նշում են, որ չեն պահանջում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, սակայն դեմ են ԿԳՄՍՆ այն օրինագծին, որով «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» առարկաները բուհերում դառնում են ոչ պարտադիր։









