«Ժամանակ չունենք, թող նամակով դիմեն». ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն մերժել էր ուսանողների հետ հանդիպման առաջարկը, սակայն աշխատասենյակից դուրս գալիս զրուցեց նրանց հետ

12:50 • 27.11.19

ԵՊՀ հայ բանասիրության և Պատմություն ֆակուլտետների ուսանողներն այսօր նստացույց են անում ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի աշխատասենյակի դիմաց՝ պահանջելով Գևորգյանի հետ հանդիպում, որը սակայն մերժվել է:

«Ժամանակ չունենք, թող նամակով դիմեն: Գրեթե բառացի ցիտում եմ այն պատասխանը, որը մենք ստացել ենք»,- ասաց ուսանողներից մեկը և հավելեց, որ չեն պատրաստվում երկրորդ անգամ նամակով դիմել, քանի որ, ըստ նրա, առաջին նամակով դիմելուց հետո չբավարարող պատասխան են ստացել:

Ուսանողը նշեց, որ այս հանդիպումը ուզում էին առաջին նամակի պատասխանի մեկնաբանությունն ու պատճառները իմանալու համար: Նրա խոսքով՝ ուսանողները ուզում են հանդիպել ռեկտորի ԺՊ-ի հետ, քանի որ հարցեր ունեն, իսկ նրա կողմից այն մերժելը, ուսանողի խոսքով, ավելի խորքային խնդիրների հետ է կապված:

«Սա եկել է հետևյալ խնդիրներից՝ նախորդ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականից հետո իշխանությունների կողմից որոշակի միջնորդության և հովանավորության արդյունքում  ընտրվեց Գեղամ Գևորգյանը: Եթե նայեք ընտրության արդյունքը, ապա կտեսնեք որ ԺՊ-ի օգտին քվեարկողների մեծամասնությունը կառավարության կողմից նշանակված անձիք էին»,- ասաց նա:

Այնուհետև ռեկտորի ԺՊ-ն աշխատասենյակից դուրս գալիս հանդիպեց նստացուց անող ուսանողներին, հարցրեց նրանց որպիսությունը և նշեց, որ ինքը պատասխանել է նրանց նամակին:

Հիշեցնենք, որ ԵՊՀ ուսանողները 3 շաբաթ շարունակ դասադուլ և իրազեկման ակցիաներ էին իրականացնում, որից հետո հայտարարեցին՝ ստեղծում են նախաձեռնություն, որն անվանեցին «Հանուն ազգային կրթության»։ Նախաձեռնության անդամներն օրեր առաջ նամակ-դիմում էին ուղարկել ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ին և գիտական խորհրդի անդամներին։