Առաջիկա տարիներին շահագործման կհանձնվի նոր քրեակատարողական հիմնարկ. Կառավարությունը ընդունեց նախագիծը

13:45 • 28.11.19

Գործադիրն ընդունեց Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունը, դրա իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագիրը, ծրագրի ֆինանսական գնահատականը և ծրագրի կատարումը համակարգող խորհրդի ձևավորման և գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին  որոշման նախագիծը: Նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Այսպիսով նախագծով կլուծվի ՔԿՀ-ներում գերբնակեցման խնդիրը։ Դրանից բացի Կառավարությունը նպատակ է դրել օպտիմալացնել, բարեկարգել քրեակատարողական հիմնարկները:

Այժմ ՀՀ-ում գործում է 12 քրեակատարողական հիմնարկ, որտեղ հնարավոր է պահել կալանավորված և ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված 5346 անձ:  Նախաքննական մարմինների գործունեությունը հնարավորինս դյուրին ու արդյունավետ դարձնելու նպատակով Հանրապետության տարբեր տարածաշրջաններում, այսպես թե այնպես, պետք է տեղակայված լինեն կալանավորվածներին պահելու վայրեր: Այդ առումով նպատակահարմար է դրանք ունենալ հանրապետության հյուսիսային տարածաշրջանում` Վանաձորում, արևմուտքում` Արթիկում, հյուսիս-արևելքում` Սևանում, հարավում` Գորիսում, ինչպես նաև Երևանում (կամ դրանց մոտակայքում):

Այսպիսով՝ առաջնային խնդիր է մի շարք քրեակատարողական հիմնարկներում շենքային պայմանների բարելավումը և նյութատեխնիկական հագեցվածության ապահովումը: Օրինակ՝ «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում առկա շենքային պայմանները խիստ անբավարար են և ենթակա են փակման՝ տեխնիկական պարամետրերին չհամապատասխանելու պատճառով: Ավելին՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը տեղակայված է «հոսող հողերի» վրա, ինչը նույնպես հրատապ լուծում է պահանջում:

Նախարարը ներկայացրեց, որ տնտեսական արդյունավետության տեսանկյունից նպատակահարմար է առաջիկա տարիներին շահագործման հանձնել նոր քրեակատարողական հիմնարկ, որում հնարավոր կլինի պահել շուրջ 1200 ազատությունից զրկված անձ: Այս պայմաններում նախատեսվում է Երևանի տարածքում՝ Սիլիկյան թաղամասում, կառուցել շուրջ 1200 լրակազմ ունեցող քրեակատարողական նոր հիմնարկ (200 մահճակալ նախատեսվել է բուժման կարիք ունեցող անձանց համար):

«Գորիս» քրեակատարողական հիմնարկի փակման պարագայում նախատեսվում է կառուցել 350 լրակազմ ունեցող քրեակատարողական հիմարկ (նախագիծն արդեն առկա է, նախատեսվում է հիմնարկը կառուցել Խնձորեսկում): Բացի այդ, նախատեսվում  է «Երևան-Կենտրոն»  քրեակատարողական հիմնարկը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության վարչական շենքից տեղափոխել նախկին «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի մասնաշենք: 

«Հրազդան» քրեակատարողական հիմնարկն անհրաժեշտ է լուծարել և «Սևան» քրեակատարողական հիմնարկի վարչական տարածքում կառուցել «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի համար սահմանված լրակազմով՝ փակ, կիսափակ ռեժիմների և կալանավորվածների պահելու վայր, այդ թվում՝ կալանք պատժատեսակի համար նախատեսված մասնաշենք: 

 Միաժամանակ, նախատեսվում է շինարարական աշխատանքներ իրականացնել նաև «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում՝ ապահովելով մինչև 200 լրակազմ ունեցող կիսաբաց ուղղիչ հիմնարկի համար անհրաժեշտ պահման պայմաններ, կառուցելով օդափոխության համակարգ և զարգացնելով բժշկական ստացիոնար մասնաշենքի կարողությունները: Ըստ հիմնավորման՝ առաջարկվող քայլերը նպաստելու են հատկապես միջազգային չափանիշներին համապատասխան քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների երաշխավորմանը, քրեական ենթամշակույթի, կոռուպցիայի հաղթահարմանը, կրկնահանցագործության նվազեցմանը:

2019-ի հոկտեմբերի 15-ից «Նուբարաշեն», իսկ հոկտեմբերի 16-ից «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում սկսվել է ազատությունից զրկված անձանց սննդով ապահովելու գործառույթը մասնավոր ընկերությանը պատվիրակելու փորձնական ծրագիրը։

 Ծրագրի մեկնարկին արձանագրվել է այսպիսի վիճակագրություն։ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվել է 367 անձ. 2019 թվականի հոկտեմբերի 17-ի դրությամբ նրանցից 367-ն էլ օգտվել է սննդից, այն դեպքում, երբ մինչև ծրագրի մեկնարկը, օրինակ՝ հոկտեմբերի 14-ին, քրեակատարողական հիմնարկի կողմից տրամադրվող սննդից օգտվել էր 300 անձ:

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվել է 708 անձ. ծրագրի մեկնարկի օրը նրանցից 654-ը օգտվել է նախաճաշից, իսկ ճաշից օգտվողների թիվն ավելի մեծ է եղել՝ 695: Կրկին համեմատության համար հարկ է նշել, որ հոկտեմբերի 14-ին, երբ դեռ ծրագիրը չէր մեկնարկել, և սնունդը տրամադրվում էր քրեակատարողական հիմնարկի կողմից, սննդից օգտվել էր 550 անձ: Նման արդյունքների պահպանման դեպքում Կառավարությունը դիտարկելու է քրեակատարողական բոլոր հիմնարկներում սննդով ապահովելու գործառույթը մասնավոր ընկերությանը պատվիրակելու հնարավորությունը։

Նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ շուրջ 50 մլն դրամի ֆինանսավորման մասին է խոսքը, իսկ Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց, որ նախնական քննարկել են և ստանձնել են պարտավորություն, որ պետական բյուջեցի ֆիանանսավորում ևս կլինի և միջքազգային դոնոնորների հետ բանակցությունները  շարունակվում են: