«Ապրել Թրամփի նախագահության ներքո նշանակում է ապրել անառողջ ընտանիքում». Ռոբերտ Դե Նիրո

12:22 • 28.11.19

Հոլիվուդյան դերասան Ռոբերտ Դե Նիրոն The Late Show with Stephen Colbert թոք շոուի ժամանակ խոսել է «կեղծ նախագահ» Դոնալդ Թրամփի և Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգի՝ 2020 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, գրում է Fox News-ը:

«Ինձ համար ստեղծված իրավիճակն ավելի քան ցավալի է: Մենք չափազանց լուրջ իրադրության մեջ ենք հայտնվել: Չեմ ցանկանում մարդկանց հուսախաբ անել, սակայն մենք, իսկապես, լուրջ իրավիճակում ենք»,- հայտնել է 76-ամյա դերասանը:

«Ապրել Թրամփի նախագահության ներքո նշանակում է ապրել անառողջ ընտանիքում: Չգիտես, թե ինչ կլինի հաջորդ վայրկյանին»,- հավելել է Դե Նիրոն:

Ապա դերասանը Թրամփին «կեղծ նախագահ» է անվանել՝ արժանանալով հանդիսատեսի բուռն ծափահարություններին:

«Նա բոլորին կեղծ է անվանում, քանզի գիտի, որ ինքն է այդպիսին»,- հավելել է Դե Նիրոն:

Հաղորդավարի հարցին, թե ինչ է կարծում Մայքլ Բլումբերգի՝ 2020 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, Դե Նիրոն հայտնել է. «Ճիշտ է, նրան լավ չգիտեմ, բայց ես սիրում եմ Բլումբերգին, նա հասուն մարդ է…Նա այս քաղաքը (Նյու Յորք) ղեկավարել է ավելի քան 12 տարի: Նա բարեփոխումներ է արել ու փորձում է ճիշտ ուղով գնալ»: