«Իզի Փեյ»-ը իրականացնում է բարեգործական ակցիա. վճարային տերմինալների միջոցով հավաքագրված գումարը նվիրաբերվում է Արյունաբանական կենտրոնին
Համաձայն սույն թվականի հունիսի 1-ին «Պրոֆ․Ռ․Հ․Յոլյանի Անվան Արյունաբանական Կենտրոնի» և «Իզի Փեյ» ՍՊԸ -ի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի՝ «Իզի Փեյ»-ը իրականացնում է բարեգործական ակցիա։ Նշված ակցիայի շրջանակներում ընկերությունը իր վճարային տերմինալների միջոցով հավաքագրված գումարը նվիրաբերում է Արյունաբանական կենտրոնին։ Ընկերությունն իր ավելի քան 1700 տերմինալների միջոցով բջջային հեռախոսակապի վճարում կատարելիս քաղաքացիներին հնարավորություն է ընձեռում իրենց վճարումներից ինքնակամ «10», «20» և «30» դրամ փոխանցել բարեգործական ֆոնդին։
Բարեգործության շրջանակներում ընկերությունը սույն թվականի հուլիս ամսից սկսած հավաքագրել է ավելի քան 5,5 միլիոն ՀՀ դրամ։ Հավաքագրված գումարները ենթական են ծախսման ՀՀ քաղաքացիների արյունաբանական և ուռուցքաբանական հիվանդությունների բուժման, ինչպես նաև մատուցվող բժշկական ծառայությունների ծախսերի մասնակի կամ ամբողջական փոխհատուցման նպատակով։
«Մինչ այս չափահաս հիվանդների հարցը մնում էր օդից կախված, մանկական մնացած հիմնադրամները, որ օժանդակում էին մինչև 25 տարեկանների բուժմանը, փակում էին նրանց ծախսերն ամբողջովին, իսկ 25-ից բարձր տարիքի հիվանդները անորոշ վիճակում էին: «Իզի Փեյ» ընկերությունն իսկապես առաջին մեծ կազմակերպությունն էր, որ օգնության ձեռք մեկնեց մեզ»,- ասաց Արյունաբանական կենտրոնի տնօրեն Ս․Դանիելյանը։
Բուժհաստատության աշխատակիցներն իրենց հերթին փաստեցին, որ «Իզի Փեյ»-ի բարեգործական նախաձեռնության և հասարակության բարձր սոցիալական պատասխանատվության շնորհիվ հիվանդներն իրական հնարավորություն են ստանում օգտվելու բժշկական կենտրոնի ծառայություններից։
«Իզի Փեյ»-ը շատ հպարտ և ուրախ է, որ կարող է ստեղծել հնարավորություն, որպեսզի մեր քաղաքացիները, մեր հաճախորդները, բացի մեր ծառայություններից օգտվելուց, կարողանան իրենց փոքր լուման ունենալ իրականում շատ մեծ արժեք ունեցող բարեգործության մեջ»,-ասաց «Իզի Փեյ» -ի տնօրենի պաշտոնակատար Միքայել Գաբրիելյանը։
«Մեր նպատակն է՝ հասկացնել մեր հասարակությանը, որ տվյալ «10», «20» կամ «30» դրամը ինքնին կարող է մարդու կյանքը փոխել»,- նշեց «Իզի Փեյի» բիզնեսի զարգացման բաժնի ղեկավար Գոռ Չատյանը, - «2020 թվականից մենք ցանկանում ենք տվյալ բարեգործության շրջանակներն ավելի տարածել, որպեսզի հասանելի դառնանք թե՛ Երևանում, թե՛ Հայաստանի հեռավոր անկյուններում»։
«Իզի Փեյ» ընկերությունն իր որդեգրած քաղաքականությամբ շարունակելու է նմանատիպ բարեգործական ակցիաների լայնամասշտաբ ծավալումը՝ ապահովելու ծրագրերի ամբողջական թափանցիկությունն ու տեղեկատվության հասանելիությունը։ Ընկերությունը միտված է շարունակական դարձնել նման բարեգործական ակցիաների իրականացումը՝ պարբերաբար իրազեկելով այդ մասին հասարակության լայն շերտերին։
.jpg?1574949935495)
.jpg?1574949953023)
.jpg?1574949971567)
.jpg?1574949987639)
.jpg?1574950007400)
.jpg?1574950027303)
.jpg?1574950047936)
.jpg?1574950068799)









