Տեղի ունեցավ «Սառցե սիրտը 2» մուլտֆիլմի պրեմիերան

18:37 • 28.11.19

Նոյեմբերի 27-ին «Մեգամոլ Արմենիա»-ում բացվեց «Սինեմա Սթար»-ի երրորդ մասնաճյուղը, ինչի առիթով կայացավ «Սառցե սիրտը 2» մուլտֆիլմի բացառիկ նախադիտումը:

«Սինեմա Սթար»-ի նոր մասնաճյուղն ունի չորս կինոդահլիճ, որոնցից երեքը՝ մեծ՝ նախատեսված 140 հոգու համար, իսկ մեկը՝ VIP՝ նախատեսված 21 հոգու համար: «Սինեմա Սթար» կինոթատրոնների ցանցի մարկետինգի բաժնի ղեկավար Գոհար Նալբանդյանը վստահեցնում է՝  մասնաճյուղային ցանցը սրանով չի սահմանափակվելու:

Արկածային, դինամիկ, բոլոր տարիքային խմբերին համապատասխան անիմացիոն ֆիլմի պրեմիերան համախմբել էր կինոթատրոնի հավատարիմ հաճախորդներին ու հատուկ հյուրերին, հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներին՝ իրենց երեխաների հետ: Հաղորդավարուհի  Լուսինե Թովմասյանը նշեց՝ դստեր հետ 30 անգամ նայել են մուլտֆիլմը, իսկ պրեմիերային եկել են մեծ ոգևորությամբ: «Չեմ տեսել երեխա, որ չսիրի այս մուլտֆիլմը: Արիանայի ամենասիրելի հերոսն Էլզան է: «Սառցե սիրտը 2»-ի սպասումը շատ մեծ էր, իսկ «Սինեմա Սթար»-ի նոր կինոթատրոնը հաճելի և հարմարավետ է՝ ինչպես մյուս մասնաճյուղերը: Կարող եմ վստահ ասել՝  «Սինեմա Սթար»-ն այն կինոթատրոնն է, որը չի կարող վատը լինել»:

Walt Disney Animation Studios-ի 2019 թվականին թողարկած «Սառցե սիրտը 2» մուլտֆիլմը կինովարձույթում հանգստյան օրերին հավաքել է 350.2 մլն դոլար, ինչը համաշխարհային անիմացիայի պատմության ամենաբարձր ցուցանիշն է: Այն  լավագույնն է դարձել նաև «Walt Disney Animation»-ի համար:

Մուլտֆիլմի առաջին մասը մեծ էկրան էր բարձրացել 6 տարի առաջ՝ մեկնարկի առաջին շաբաթվա ընթացքում հավաքելով 93 մլն դոլար: «Սառցե սիրտը 2» մուլտֆիլմի եկամուտը գերազանցել է նախորդ մասի ցուցանիշները: Ոճաբան-դիմահարդար Ագա Քանքանյանը նշեց, որ «Սինեմա Սթար»-ը իր նախընտրելի կինոթատրոնն է, իսկ մուլտֆիլմը հետաքրքրել է իր ցուցանիշներով:

«Սառցե սիրտը 2»-ում երիտասարդ թագուհի Էլիզան շարունակում է բացահայտել իր գերունակությունները: Բազմաթիվ փորձություններից հետո թագավորությունում երկար սպասված անդորրին հաջորդում է Էլիզայի և Աննայի բախումը նոր խոչընդոտների: Այդ ընթացքում նրանք բացահայտում են իրենց ծնողների մահվան մանրամասները, անցյալի գաղտնիքները և Էլզայի արտասովոր ունակությունների չբացահայտված կողմերը: Իդինա Մենզելն ու Քրիսթեն Բելը վերադառնում են Էլզային և Աննային հնչյունավորելու, Քրիստոֆին հնչյունավորում է Ջոնաթան Գրոֆը, իսկ Օլաֆին՝ Ջոշ Գադը:

Պրեմիերային մասնակից երեխաների մեծ մասը նշում են, որ նախընտրելի հերոսը Էլզան է, իսկ պատճառը նրա գերբնական ուժերն են: Երեխաները սիրում են Էլզային, իսկ մեծահասակների նախասիրությունները փոքր ինչ այլ են: Դիզայներ, մոդելավորող Դիանա Շատվերյանը նշեց՝ ամենասիրելի հերոսը Օլաֆն է՝ ուրախ, բարի ու զվարճասեր ձնեմարդը:

«Սառցե սիրտը 2» մուլտֆիլմը կցուցադրվի «Սինեմա Սթար»-ում  նոյեմբերի 28-ից 2D, 3D, նաև՝ անգլերեն։

Մեծերի և փոքրերի ամենասպասված պրեմիերան այլևս մեծ էկրանին է: