Մարդկանց խղճահարության հաշվին առողջության հարկ ներմուծելն արդարացված չէ, խախտում են սոցիալական արդարության սկզբունքը. տնտեսագետ (տեսանյութ)
Առողջապահության հարկի ներմուծմամբ ավելանում է հարկատուների բեռը, ինչպես նաև խախտվում է սոցիալական արդարության սկզբունքը, նոր հարկատեսակ ներմուծելը արդարացված չէ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Գագիկ Վարդանյանը՝ անդրադառնալով Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված նախագծին, որով կառավարությունը նախատեսում է 2022 թվականից ներդնել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգ:
«Ստացվում է՝ բարձր վարձատրություն ստացողները պետք է իրենց վրա վերցնեն ավելի ցածր եկամուտներ ունեցող քաղաքացիների առողջապահական խնդիրերի լուծումը: Պետք է մտածել սրա արդարացի լինելու մասին, որովհետև մարդկ հենց այնպես չեն ստանում բարձր աշխատավարձերը, նրանք բավական մեծ ներդրումներ են արել կրթության, զարգացման մեջ և հասել են բարձր աշխատավարձի, դրան հենց այնպես չեն հասել: Մարդկանց պետք է հարցնել՝ համաձա՞յն են, որ իրենց միջոցները վերաբաշխվի այդ ուղղությամբ»,- նշեց նա:
Տնտեսագետի խոսքով՝ խնդիրը նաև մեխանիզմների ներդրման, ինչպես նաև մշակույթի ձևավորման, բժշկական ծառայությունների հետ է կապված: Ըստ նրա՝ մարդկանց խղճի վրա ազդելով նոր հարկատեսակ ներմուծելն արդարացված և ճիշտ չէ։
«Նախագծի վերլուծականի մեջ կա, որ ստվերային շրջանառություն կա 120-130 մլրդ դոլարի չափով: Եթե ստվերային շրջանառություն կա, միայն ապահովագրության միջոցով չեն բերում: Գուցե թվա հարկերի միջոցով հարցի լուծման կարճ ճանապարհ է, բայց դա հղի է լուրջ վտանգներով՝ ամբողջ ֆինասական շուկայի՝ ի դեմս ապահովագրական ընկերությունների աղավաղմանը և ոչ մրցակցային իրավիճակի ստեղծմանը»,-մանրամասնեց նա՝ հավելով, որ միջգերատեսչական հանձնաժողով պետք է ստեղծվեր, նախագծի մշակմանը պետք է մասնակցեին նաև այլ շահագրգիռ գերատեսչությունները՝ ՊԵԿ-ը, ԿԲ-ն և Ֆինասների նախարարությունը:
Տնտեսագետի խոսքով՝ ապահովագրությունը ներմուծելիս անհրաժեշտ է խմբերն առանձնացնել, կենսաթոշակառուների առողջության ապահովագրման գումարը պետք է պետությունը վճարի: Ըստ նրա՝ նախագծից չի երևում, թե ինչպես են ինքնազբաղվածներին և գյուղատնտեսության ոլորտում զբաղվածություն ունեցողներին ներգրավելու:
Մանրամասները՝ տեսանյութում։









