Եթե նախարարության կողմից այդ ամենն իրոք ֆինանսավորվել է և նրանց ի սկզբանե հայտնի է եղել՝ ինչ են ֆինանսավորվում, ապա միանշանակ անթույլատրելի եմ համարում. Գագիկ Գինոսյանը՝ «ՀուԶանք ու Զանգ»-ի մասին

18:19 • 28.11.19

«Անվտանգության գործոն» հաղորդման հեղինակ Արման Սաղաթելյանի հյուրն է մշակութաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի, պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը, զրուցակիցները խոսել են ազգային ինքնության թեմայի շուրջ:

Սաղաթելյանը նշում է, որ մենք այսօր ապրում ենք բավականին արագ փոփոխվող աշխարհում և տեսնում ենք, որ տարաբնույթ տարրեր ներթափանցում են նաև մեր հասարակություն, քանի որ արդեն վաղուց չկան երկաթյա վարագույրներ ու  իմպերատիվ այլ մեխանիզմներ,  ազգային ինքնությունը, ազգային պատկերը որոշակի ազգային անվտանգության տարր է պարունակում: Այն մեր ինքնության անբաժանելի մասն է,  մեր միասնությունը, մեր ինքնադրսևորումը  և այլն:

«Մի կողմից մենք գիտենք, որ դա մեր անվտանգության գործոնն է, բայց  մյուս կողմից մենք այսօր ապրում ենք բավականին բաց աշխարհում, և տարրերի այդ դիֆուզիան բավականին ակտիվ է: Հարց է առաջանում՝  ինչպե՞ս փորձել չկորցնել ինքնությունը ժամանակակից աշխարհում, պահպանելով սեփական ինքնությունն ու դեմքը, մյուս կողմից՝ ինչը և որքանով է անհրաժեշտ փոխել, որպեսզի չմնալ չափազանց կոնսերվատիվ: Պարզ լեզվով ասած որտեղով է անցնում  պահպանողականության և առաջադիմության այդ սահմանը»,-ասել է նա:

Ըստ Գինոսյանի՝ լավագույն օրինակը Կոմիտասի խոսքերն են․ «Երբ բոլորին կթվա, թե հայն արդեն մեռնում է, որ ազգն արդեն ոչնչանում է ու ոչնչացման եզրին է հասել, չհավատաք երբեք, որովհետև ազգը հերթական անգամ կերկնի ինձ նման մեկ ուրիշ խենթի և ազգը, միևնույն է նորից  կվերածնվի», իսկ օրինակ՝ Նժդեհի խոսքով «Մեռածն է մեռնում, ով անհոգի էր և կենդանի ժամանակ էլ, միևնույն է, մեռած էր»:

«Սունդուկյան թատրոնում մենք ունեցել ենք «Ղողանջ հարսանեկան» ներկայացումը՝ ըստ Պարույր Սևակի «Անլռելի Զանգակատան»՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին,  և նախօրոք հրավիրել էինք մամուլի ասուլիս, որին, ցավոք, ներկա էր միայն մամուլի ակումբի ղեկավարը, բայց տեսեք, թե ինչքան աժիոտաժ կար օրինակ՝ Հանրապետության հրապարակում երկու աղջկա վնգստոցների և չգիտես, թե  էլ ինչերի շուրջ:  Հիմա անվտանգությունը նրա՞նք են վնասում, թե՞ մենք, հարց է առաջանում»:

Նրա խոսքով՝ «նվնվացողներին» շատ են անդրադառնում, եղածն «ուռճացնում»,  իսկ օրինակ՝ մի քանի տարվա չարչարանքը՝ երեք պարի պրեմիերա, տասից ավել երգ ու բոլորը՝ Կոմիտաս,  այս մասին չի խոսվում, չի լուսաբանվում,բայց փաստացի երկու հոգու նվնվոցն ու գետնին թավալ գալն արժանացել է առնվազն հասարակության ուշադրությանը:

«Ես այնքան էլ տեղյակ չեմ, բայց եթե նախարարության կողմից այդ ամենն իրոք ֆինանսավորվել է, և նրանց ի  սկզբանե հայտնի է եղել, թե ինչ են  ֆինանսավորվում, ապա այդ փաստն ես  միանշանակ անթույլատրելի եմ համարում»- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: