Հայտնի է դարձել՝ «Աստղային պատերազմներ»-ի դերասաններից ով էր կորցրել ֆիլմի սցենարը

14:54 • 28.11.19

«Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի դերասան Ջոն Բոյեգան Good Morning America հաղորդման ժամանակ հայտարարել է, որ ինքն էր սենյակում մոռացել «Աստղային պատերազմներ․ Սքայուոքեր․ արևածագ» ֆիլմի սցենարը, ինչի հետևանքով էլ այն eBay կայքում առցանց վաճառքի էր հանվել։

«Պատմեմ, թե դա ինչպես է տեղի ունեցել։ Միջադեպը տեղի է ունեցել իմ բնակարանում։ Ես պատրաստվում էի դուրս գալ և սցենարը թողեցի մահճակալի տակ։ Մտածեցի, որ առավոտյան կարթնանամ, կվերցնեմ այն և կպատրաստվեմ, սակայն ինձ այցելեցին ընկերներս, և ես մոռացա դրա մասին։ Մի քանի շաբաթ անց այն գտել է տանս աշխատողը և փորձել վաճառել այն 84 դոլարով»,- պատմել է «Աստղային պատերազմներ»-ում Ֆիննի դերակատարը։

Բոյեգան հավելել է, որ շատ է վախեցել, երբ սցենարի կորուստը հայտնաբերվել է, քանի որ անդադար զանգեր է ստացել տարբեր մարդկանցից։

Հիշեցնենք, որ օրերս ֆիլմի ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսը Good Morning America հաղորդման ժամանակ ասել է, որ ֆիլմի սցենարն առցանց վաճառքի է հանվել այն բանից հետո, երբ այն գտել է դերասաններից մեկի տան աշխատողը, սակայն Disney-ի աշխատակիցներից մեկը պարզել է կատարվածը և կարողացել վերադարձնել սցենարը։

«Աստղային պատերազմներ․ Սքայուոքեր․ արևածագ» ֆիլմը էկրաններին կբարձրանա դեկտեմբերի 19-ին։

Հայտնի է դարձել՝ «Աստղային պատերազմներ»-ի դերասաններից ով էր կորցրել ֆիլմի սցենարը